- Ընթերցում և բլոգում հրապարակում ենք տեղեկություններ Նար-Դոսի կյանքից:
- Սկսում ենք ընթերցել Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը:
Նար-Դոսի մասին
Նար-Դոսի ամբողջական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան: Նա ծնվել է մարտի 1, 1867թ-ին: Մահացել է հուլիսի 13, 1933թ-ին:
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։