Երիկամները զույգ օրգաններ են, որոնք տեղակայված են ձեր որովայնում, մեջքի կողմից՝ կողերից քիչ ներքև։
Երիկամների հիմնական գործառույթը ձեր արյունը նյութափոխանակության որոշ արգասիքներից զտելն է կամ «մաքրելը»:
Գրեթե բոլորը ծնվում են երկու երիկամով։ Դրանք ձեր բռունցքի չափի լոբաձև օրգաններ են, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 150 գրամ։
Երիկամները նստած են ձեր ողնաշարի երկու կողմերում, կրծքավանդակի (որը մասամբ պաշտպանում է ձեր երիկամները) և գոտկատեղի միջև։ Մարդկանց մեծ մասի մոտ աջ երիկամը քիչ ավելի ներքևում է, քան ձախը։
Արյունը երիկամներ մտնում է երիկամային զարկերակներով և հեռանում երիկամային երակներով։
Երիկամները չափազանց կարևոր են ձեր ընդհանուր առողջության համար։
Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում ձեր օրգանիզմի բջիջները։ Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։
Ձեր երիկամները նաև մասնակցում են հետևյալ գործընթացներին՝
- արյան ճնշման հսկողություն
- արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրություն
- ոսկրերի ամրության և առողջ վիճակի պահպանում
- արյան մեջ որոշ նյութերի և աղերի (էլեկտրոլիտներ) մակարդակի պահպանում։