Երվանդունիներ
Երվանդունիների առաջին գահակալներն էին Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին: Դա հիշատակել են Քսենոֆոնը և Մովսես Խորենացին։ Հունական մի արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ-ին բակտրիական ծագում ունի, իսկ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա իր արձանագրության մեջ Երվանդունիներին վերագրում է Դարեհ I Աքեմենյանի ժառանգներին, քանի որ նա ամուսնացած է եղել աքիմենյան թագավորի դուստրի հետ:
Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I-ի զինակից Հյուդարնեսի սերունդ, որը հիմք է տվել ենթադրելու, որ Դարեհ I-ը վերացրել է Երվանդունիների հին թագավորությունը և Հայաստանի սատրապ նշանակել Հյուդարնեսին, որի սերունդները ժառանգաբար իշխել են մինչև մ. թ. ա. III դարի վերջը և II դարի սկիզբը: Ենթադրվում է նաև, որ Հյուդարնեսը կամ նրա համանուն որդին իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով խնամիացել են հայոց Երվանդունի տոհմի հետ: Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը:
Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը:
Երվանդունի արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ՝ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենական մշակույթը:
Երվանդունիների ժամանակ Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել նաև Կոմմագենե երկիրը: Մ. թ. ա. 226-ին Ծոփքի ու Կոմմագենեի Շամ (Սամոս) Երվանդունին հռչակվել է թագավոր: Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են:
Մ. թ. ա. 240-ին Շամին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է Արշամաշատ քաղաքը (հետագայում՝ մայրաքաղաք) Ծոփքում և Արշամեա անունով երկու քաղաք՝ Կոմմագենեում: Արշամից հետո Սելևկյանների միջամտությամբ Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը տրոհվել է Ծոփքի և Կոմմագենեի առանձին թագավորությունների: Մ. թ. ա. III դ-ի վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն ու հպատակեցրել Ծոփքը, իսկ Քսերքսես արքային՝ մ. թ. ա. 201-ին դավադրությամբ սպանել: Սելևկյան Անտիոքոս III Մեծ արքան Կոմմագենեում կուսակալ է նշանակել հույն զորավար Պտղոմեոսին, Ծոփքում՝ հայազգի Զարիադեսին (Ձարեհ):