Հայը և հայը
Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.
-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:
Չգիտեմ՝ ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել՝ Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա´յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա: Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա´յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա´յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա´յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա´յք: Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն՝ բարև տալու ինձ նման մեկին օտար աշխարհի մեջ մի օտարականի:
-Վա´յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ: Եվ այդ «դու»-ն ճիշտ ես էի՝ իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:
-Ինչպե՞ս հոս ինկար:
-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է՝ որտե՞ղ ես աշխարհ եկել):
-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ինչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:
Մուշ: Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է: Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մեզ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մեզ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
-Վա¯յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:
Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:
Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են: Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են: Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք, կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք, նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք, ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:
- Ընթերցել Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» ստեղծագործությունը:
- Բլոգում ընթերցածի մասին գրել, շարադրել մտքերը, տպավորությունները:
Այս ստեղծագործության մեջ պատմում են, որ շատ անգամներ եղել են պատերազմներ մեր դեմ, բայց մենք շատ ուժեղ ենք և միշտ հաղթել ենք։ Ասում են, որ շատ բաներ ենք կորցրել, բայց հաղթել ենք, և հուսով եմ, որ մենք միշտ հաղթելու ենք։