XIV դարից Արևմտյան Եվրոպայում ավատատիրությունը սկսեց անկում ապրել: Այն
ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամով և
բնակչության թվաքանակի կրճատումով:
Տնտեսության անկումն առաջին հերթին
նկատվում էր գյուղատնտեսության մեջ: Այն
կասեցնելու համար ավատատերերն իրենց
հողերը բաժանում էին գյուղացիներին կամ
դրանք մշակելու համար օգտագործում էին
վարձու աշխատողների:
Փրկագին վճարելով՝ գյուղացիները ազատ
տեղաշարժվելու իրավունք էին ստանում:
Նրանք կարող էին ազատորեն ամուսնանալ,
ժառանգել հող և շարժական գույք: Սակայն
հողային սեփականության իրավունքը դեռևս
պատկանում էր ավատատիրոջը:
Անկում էր ապրում նաև արհեստագործությունը: Համքարային կանոնադրությունը,
որը սահմանում էր արտադրանքի քանակը,
չափը և որակը, խանգարում էր արտադրության հետագա ընդլայնմանը:
Առաջացան մանուֆակտուրաներ: Մանուֆակտուրան ձեռքի աշխատանքի վրա հիմնված ձեռնարկություն էր, որտեղ աշխատում
էին վարձու բանվորներ: Եթե համքարային
արհեստանոցում ապրանք արտադրելուն
սովորաբար մասնակցում էր 1–5 մարդ, ապա
մանուֆակտուրայում՝ ավելի շատ:
Քաղաքների զարգացման հետևանքով մեծանում էր քաղաքային բնակչության թվաքանակը: Քաղաքը դառնում էր հասարակության տնտեսական և մշակութային կյանքի կենտրոն:
Հասարակությունն այժմ բաղկացած էր ոչ
միայն ազնվականներից, հոգևորականներից
և գյուղացիներից, այլև քաղաքացիներից: