Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 

Թողնել մեկնաբանություն