“Մթնոլորտի ճնշում” թեման անցնելիս ինձ հետաքրքրեց Էվանջելիստա Տորիչելլին: Ահա տեղեկություն նրա մասին:

Տորիչելլին ծնվել է 1608թ-ին, հոկտեմբերի 15-ին: Մահացել է հոկտեմբերի 25, 1647թ-ին: 1627 թվականին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ստացել է մաթեմատիկական կրթությունը, Գ․ Գալիլեյի աշակերտ Բ․ Կաստելլիի ղեկավարությամբ։ 1641 թվականին տեղափոխվել է Արչետրի, ուր օգնել է Գալիլեյին մշակելու իր աշխատությունները։ 1642 թվականից, Գալիլեյի մահից հետո, եղել է Տոսկանիայի մեծ դքսի պալատական մաթեմատիկոսը և միաժամանակ Ֆլորենցիայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր։ Առավել հայտնի են պնևմատիկայի և մեխանիկայի բնագավառում կատարած աշխատանքները։

Մշակել է մթնոլորտային ճնշման տեսությունը, ապացուցել, այսպես կոչված, տորիչելյան դատարկության ստացման հնարավորությունը, 1644թ-ին ստեղծել սնդիկային բարոմետր։ «Ազատ ընկնող և նետված ծանր մարմինների շարժման մասին» աշխատության մեջ զարգացրել է Գալիլեյի գաղափարները շարժման վերաբերյալ, ձևակերպել ծանրության կենտրոնների շարժման սկզբունքը, շարադրել հիդրավլիկայի հիմունքները, արտածել անոթից իդեալական հեղուկի արտահոսման արագության բանաձևը (Տորիչելլիի բանաձև)։
Տորիչելլին մթնոլորտային ճնշման նպատակով 17-րդ դարում իրականացրեց փորձ։ Տորիչելլին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից փակ էր, լցրել է սնդիկով և մատով փակել անցքը։ Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն։ Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ <<տորիչելյան դատարկությունը>>, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից։

Մթնոլորտային ճնշումը տարայի սնդիկի վրա վերևից ներքև գործադրում է ճնշում, իսկ Պասկալի օրենքի համաձայն ապակե խողովակի սնդիկի վրա գործադրում է ճնշում՝ ներքևից վերև։ Հեղուկն ունի զանգված և այդ պատճառով ծանրության ուժի կողմից ձգվում է դեպի ներքև։ Երկու ուժերը հավասարակշռվում են այնպես, որ անոթում մնա այնքան հեղուկ, որպեսզի վերջինիս առաջացրած ճնշումը հավասարվի արտաքին մթնոլորտային ճնշմանը։ Յուրաքանչյուր հեղուկի համար իր ρ խտությունից կախված սյան բարձրությունը կլինի` h=P/gρ, որտեղ P -ն մթնոլորտային ճնշումն է, իսկ g -ն՝ ազատ անկման արագացումը։ Այս բանաձևից հետևում է, որ ջրի սյան բարձրությունը հավասար է մոտ 10 մ։