Պատրաստել նյութ Արքիմեդի մասին և«Կենդանիների և մարդու լողալը՝էջ158»թեմայի վերաբերյալ
Ջրում ապրող կենդանիների մարմնի միջին խտությունը քիչ է տարբերվում ջրի խտությունից, որը հնարավորություն է տալիս նրանց լողալու ջրի խորքերում կամ նրա մակերևույթին: Փոփոխելով մարմնի ծավալը ջրային կենդանիները կարողանում են կարգավորել ջրում իրենց վրա ազդող արքիմեդյան ուժը: Ձկները դա անում են լողափամփուշտի օգնությամբ, որի ծավալը հեշտությամբ փոփոխվում է: Պոչը թափահարելով ձուկը կարողանում է տեղաշարժվել և հայտնվել տարբեր խորություններում: Մեծ խորություններում, որտեղ ջրի ճնշումը մեծ է, լողափամփուշտը սեղմվում է, ձկան մարմնի ծավալը փոքրանում, և նա չի բարձրանում, այլ լողում է տվյալ խորությունում: Վեր բարձրանալիս ձկան լողափամփուշտն ու մարմնի ծավալը մեծանում են, և նա լողում է փոքր խորություններում: Սատկած ձուկը միշտ լողում է ջրի երեսին, քանի որ այդ դեպքում ձկան մկաններն ամբողջովին թուլացած են, և լողափամփուշտն առավելագույնս փքված վիճակում է։ Կետերը ջրում իրենց խորասուզման մակարդակը կարգավորում են մեծացնելով կամ փոքրացնելով թոքերի ծավալը:

Մարդու մարմնի միջին խտությունը նույնպես մոտ է ջրի խտությանը: Դա է պատճառը, որ երբ մարդը լրիվ սուզվում է ծովի ջրում` ջրից դուրս թողնելով միայն քիթն ու բերանը, չի լսորասուզվում: Այս դեպքում նրա վրա ազդող ծանրության ուժը հավասարակշռվում է արքիմեդյան ուժով: Սակայն այդպիսի վիճակն անկայուն է, երբ մարդը ջրից դուրս է հանում ձեռքը կամ գլուխը, նրա վրա ազդող արքիմեդյան ուժը փոքրանում է, և նա սկսում է խորասուզվել: Ջրի մակերևույթին մնալը կամ խորասուզվելը պայմանավորված է նաև ջրի աղիության աստիճանով: Քաղցրահամ ջրում, որի խտությունը փոքր է մարդու մարմնի միջին խտությունից, լողալ չիմացող մարդը սուզվում է, իսկ բավականաչափ աղի ջրում, որի խտությունը մեծ է մարդու մարմնի միջին խտությունից, նա կարողանում է
պառկած մնալ ջրի մակերևույթին:
Աղի պարունակությունը մեծացնելիս մեծանում է ջրի
խտությունը և, հետևաբար, նրա մեջ ընկղմված մարմնի
վրա ավելի մեծ արտամղող ուժ է ազդում: Այդպիսի ջրում
լողալը շատ ավելի հեշտ է:
