Փետրվար ամսվա ամփոփում

1. Գրել սրտի կառուցվածքը և ֆունկցիան:

Սիրտը կազմված է չորս խոռոչներից՝ ձախ նախաստրտից, ձախ փորոքից, աջ նախասրտից, աջ փորոքից: Սրտի պատը կազմված է երեք շերտից՝ էնդոկարդից, միոկարդից և էպիկարդից: Սիրտը գտնվում է հարստային պարկի մեջ, որը կոչվում է պերիկարդ: Պեևրիկարդի մեջ կա ճեղքանման խոռոչ, որը լցված է հեղուկով, որը իր հերթին կատարում է պաշտպանիչ դեր և նվազեցնում է շփումը սրտի աշխատանքի ժամանակ: Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է, նրա մղիչ ֆունկցիան:

2. Ի՞նչ է իրենից ներկայացնում արյան և ավշային շրջանառությունը:

Արյունը շարժվում է արյան շրջանառության երկու՝ մեծ և փոքր շրջաններով: Արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում աջ նախասրտում:

Ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը մղվում է աորտա: Աորտայից դուրս եկող զարկերակներն աստիճանաբար ճյուղավորվում և, ի վերջո հյուսվածքներում, վերածվում են մազանոթների, որոնց պատերից թթվածինը և սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ: Այստեղ արյունը հարստանում է ածխաթթու գազով և արգասիքներով, ապա անցնում է երակներ, որոնք, միմյանց հետ միավորվելով, դառնում են ավելի խոշոր երակներ: Վերջիններս վերին և ստորին սիներակներով բացվում են աջ նախասիրտ: Այստեղ ավարտվում է արյան շրջանառության մեծ շրջանը:

Արյան փոքր շրջանառությունը սկսվում է աջ փորոքից: Թոքային զարկերակով արյունը հասնում է թոքեր: Թոքային ալվեոլներից թթվածինը անցնում է կապիլյարներ, իսկ կապիլյարներից դեպի ալվեոլներ անցնում է ածխաթթու գազ: Կապիլյարները, ի վերջո, միանում են թոքային երակներին, որոնցով թթվածնով հագեցած արյունը հասնում է ձախ նախասիրտ:

3. Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտը սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկն է, որի ծագման մեջ կարևորում են խոշոր և միջին պսակային անոթների աթերոսկլերոզը, սպազմը, արյան ռեոլոգիական հատկությունների խանգարումը, ախտահարված պսակային անոթներում թրոմբագոյացումը, սրտամկանի հատվածի արյան մատակարարման հանկարծակի նվազումը և մեռուկացումը։ Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Ինֆարկտի անմիջական պատճառ են դառնում աթերոսկլերոտիկ վահանիկի պատռումը կամ ճեղքումը, թրոմբոցիտների ագրեգացիայի աճն ու աթերոսկլերոտիկ վահանիկի մոտակայքում պսակային անոթի կծկումը։

4. Գլխուղեղի կաթված

Գլխուղեղի կաթվածը գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ: Լինում են ինսուլտի երկու տեսակ՝ իշեմիկ և հեմոռագիկ: Իշեմիկ կաթվածի դեպքում զարկերակների խցանում է լինում և ուղեղը մնում է առանց սնուցման, որին հետևում է տվյալ հատվածի մահը: Հեմոռագիկ կաթվածի դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցվում է տվյալ հատվածը:

Թողնել մեկնաբանություն