Առաջին և երկրորդ պարապմունքներ․ Մոնղոլական կայսրություն, ուսումնական նյութը բաժանել երկու մասի և սովորել:
Մաս 1
Մոնղոլական աշխարհակալ տերությունը գոյատևել է XIII դարից մինչև XIV դարի վերջին քառորդը:

Մոնղոլական ցեղերը X–XI դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում: Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ:
Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական պետության հիմնադիրը Չինգիս խանն էր (1155–1227 թթ.): Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Հարավային Սիբիրը, Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան: Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235 թ.): Չինգիս խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Հոքաթայի (Ուդեգեյ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Հյուսիսային Չինաստանը (1231–34 թթ.) և պատերազմ սկսել Կորեայի դեմ:
1236 թ-ին մոնղոլական 150-հզ-անոց բանակը, Չինգիս խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն:
1237 թ-ին կռվել Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ և 1237–40 թթ-ի ընթացքում նվաճել է Ռուսիայի իշխանությունները:
1241 թ-ին Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60-հզ-անոց զորքին: Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական բանակը: Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թ-ի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով:
Մաս 2
1242 թ-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից: Մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև 1502 թ.): Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ էին ստանում իշխանավարելու համար:
Նաև 1236–45 թթ-ին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան:
Դեռևս 1253 թ-ին մոնղոլները գրավել էին Տիբեթը:
նրանք նվաճել են Իրանը, Միջագետքը (1256 թ.).
1258 թ-ին մոնղոլները նվաճել են Բաղդադը և կործանել Արաբական խալիֆությունը, ներխուժել Ասորիք:
1267–79 թթ-ին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը.
Մինչև 1273 թ. նվաճել են Կորեայի տարածքի մեծ մասը, իսկ 1274 և 1281 թթ-ին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ:
Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թթ-ի արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թ-ին վտարվել են այնտեղից:
Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թթ.) անհաջողության են մատնվել:
1300 թ-ին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ:
1368 թ-ին մոնղոլները վտարվել են Չինաստանից:
XIV դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում:
XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց: