Հայաստանի լանդշաֆտները

Դիրքը

Բնական լանդշաֆտը աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք է, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ փոխազդեցության մեջ և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։

Այդ փոխազդեցության շնորհիվ էլ բնական լանդշաֆտները հեշտությամբ տարբերվում են միմյանցից նունիսկ հեռվից դիտելիս (դժվար թե շփոթեք ճահիճն ու անտառը, կամ անապատն ու մարգագետինը և այլն): Միևնույն ժամանակ լանդշաֆտներն ամբողջացնում են Հայկական լեռնաշխարհի բնության առանձին բաղադրիչների վերաբերյալ մինչ այժմ ձեռք բերած գիտելիքները:

Հայկական լեռնաշխարհում ըստ բարձրության իրար են աջորդում մերձարևադարձային, անապատային, կիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան, ալպյան և ձյունամերձ լանդշաֆտային գոտիները։

Միջնաշխարհի ամենացածրադիր շրջաններից մինչև 1000−1500 մ բարձրությունները տարածվում է անապատային-կիսաանապատային գոտին, որտեղ շատ են աղասեր և ավազասեր բույսերը։ Դրանց հիմնական մասն ամռան սկզբին չորանում է։

Հայկական լեռնաշխարհում ամենատարածվածը տափաստանային գոտին է, որը զբաղեցնում է Միջնաշխարհի 1200−2500 մ բարձրությունները։ Այս գոտու կլիման Միջնաշխարհի հարավային և կենտրոնական մասերում չորային է: Այստեղ առավելապես գերիշխող է հացազգի տարախոտային բուսականությունը։ Դա պայմանավորված է չորային կլիմայով և մակերևութային շերտում տարածում ստացած հրաբխային ծակոտկեն ջրաթափանց ապարներով։

Լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների հողմակողմ լանջերում տարածված է լեռնանտառային գոտին։ Արևելապոնտական լեռներում այս գոտու ցածրադիր մասերում գերիշխում են մշտադալար թփուտները, իսկ դրանից վեր ինչպես և լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաներում, ըստ բարձրության միմյանց հաջորդում են լայնատերև, խառը և փշատերև անտառները։

Անտառներից վեր գոտում, իսկ չորային հատվածներում՝ տափաստաններից բարձր գոտում տարածվում են մերձալպյան լանդշաֆտները, որոնք առանձնանում են փարթամ և բարձր խոտային բուսականությամբ:

Կլիմա

Անապատային լանդշաֆտներում կլիման չոր է, խիստ ցամաքային, կիսաանապատային գոտում՝ չոր ցամաքային, չոր տափաստանային լանդշաֆտներում՝ չոր մերձարևադարձային, խոնավ տափաստանային լանդշաֆտներում և լեռնաանտառային գոտում՝ բարեխառն, մերձալպյան-ալպյան գոտիներում՝ ցուրտ լեռնային և այլն:

Հողերը

Հայաստանում առանձնացվում են ծագումնաբանական 15 հողատիպ: Դրանք առավելապես տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և միմյանցից տարբերվում են զբաղեցրած մակերեսների մեծությամբ, հումուսատար հորիզոնի (շերտի) հաստությամբ, հումուսի (բուսահողի) պարունակությամբ, տնտեսական յուրացման նպատակահարմարությամբ և պիտանելիությամբ:

1. Լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում (Արարատյան, Նախիջևանի, Խարբերդի դաշտեր) և դրանց նախալեռներում՝ մինչև 1000−1100 մ բարձրությունների վրա, ձևավորվել են կիսաանապատային գորշ և ոռոգելի մարգագետնային հողերի տիպերը։ Դրանք հումուսից աղքատ են (հումուսայնությունը չի անցնում 1−2 %-ից)։ Բայց մարդիկ հնուց ի վեր ոռոգել են այս անորակ հողերը, ինչի արդյունքում դրանք վերափոխվել են կուլտուր-ոռոգելի կոչվող բերրի հողերի։

Kisaanapatayin gorsh.jpg

Կիսաանապատային գորշ հողերում կավի մեծ պարունակության շնորհիվ չոր եղանակային պայմաններում հաճախ առաջանում են նման ճեղքեր

2. Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերի գետահովիտներում, տարբեր բարձրությունների վրա լայն տարածում ունեն գետահովտադարավանդային ազոնալ հողերը, որոնք բնականից բավական բերրի են:

3. Մինչև 1800 մ բարձրության միջլեռնային գոգավորություններում լայն տարածում ունեն շագանակագույն հողերը։ Սրանք նույնպես աչքի չեն ընկնում բարձր բերրիությամբ և հիմնականում կարիք ունեն արհեստական բարելավման:

4. 1800−2500 մ բարձրություններում` հատկապես Միջնաշխարհում և հրաբխային սարահարթերում ու սարավանդներում, ձևավորվել են լեռնային սևահողերը, որոնք ավելի բարձրադիր մասերում վերափոխվում են մարգագետնատափաստանային հողերի։ Սրանք Հայկական լեռնաշխարհի ամենաորակյալ (հումուսով հարուստ) և տարածված հողերն են, սակայն քիչ պիտանի բուսաբուծության համար:

sevahogh.jpg

Սևահողն ամբողջ աշխարհում հացահատիկայինների աճեցման գլխավոր հիմքն է:

5. Արևելապոնտական լեռների սևծովյան առափնյա շրջաններում խոնավ մերձարևադարձային կլիմայի պայմաններում առաջացել են կարմրահողեր և դեղնահողեր։ Եզրային մյուս լեռնաշղթաների արտաքին լանջերին, տարբեր բարձրությունների վրա գերակշռում են անտառային դարչնագույն և գորշ հողերը։

6. 2500 մ-ից բարձր՝ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում ձևավորվել են բարձր՝ 11−15 % հումուսայնությամբ լեռնամարգագետնային հողեր։ Հումուսի բարձր պարունակությունն այստեղ պայմանավորված է ոչ այնքան առատ բուսածածկույթով, որքան ցուրտ կլիմայի պայմաններում հողում կուտակված օրգանական նյութերի (հումուսի) դանդաղ քայքայմամբ։ Այս տարածքները ծառայում են որպես ամառային արոտավայրեր:

7. Ավելի բարձր (հիմնականում 3200 մ և ավելի), խիստ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում գրեթե բուսազուրկ գոտում տարածվում են թերզարգացած կմախքային հողերը։

Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Նույնիսկ ցածրադիր` կիսաանապատային և անապատային վայրերում, արհեստական ոռոգման դեպքում կարող են աճել բամբակ, բրինձ, թուզ, նուռ, ձիթենի, սեխ, ձմերուկ, բանջարանոցային բույսեր:

Բուսականություն

Կենդանական աշխարհը

Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, որոնք հազարամյակներ առաջ են ընտելացվել և մշտապես եղել են Հայկական լեռնաշխարհի բնիկների տնտեսության կարևոր բաղադրիչ: Վայրի կենդանիներից տարածված են աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը: Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Դա իր արտացոլումն է գտել «Սասնա ծռեր» էպոսում: Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ավանդաբար տարածված է մեղվապահությունը։

Հայաստանում առանձնացնում են 17749 կենդանատեսակ, որոնցից մոտ 17200 տեսակ հանդիսանում են անողնաշարավորները, իսկ 549 տեսակ՝ ողնաշարավորները: Ողնաշարավոր կենդանատեսակները ներկայացված են հետևյակ տեսքով. կաթնասուններ՝ 93, թռչուններ՝ 357, սողուն­ներ՝ 53, ձկներ՝ 39, երկկենցաղներ՝ 7։

Թողնել մեկնաբանություն