Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։

Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: Նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է “Պատմություն հայոց” աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ:
Վարկած կա, որ իր կյանքի մայրամւտին Խորենացին ստացել է Եպիսկոպոսական աստիճան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մահացել է 490- ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ: