Ակսել Բակունցի մասին

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում:

Իր կեղծանունը նա ստացել է հոր տոհմական մականունից՝ Բեգունց, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո: Անունը կպավ տղային, թե՛ դպրոցում, թե՛ ավանում նրան սկսեցին Ակսել կոչել։

Բակունցը արձակագիր, գրականագետ, թարգմանիչ և կինոսցենարիստ էր: «Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

Նա շատ նվիրված էր իր հայրենիքին՝ նրա ժողովրդին, բնությանը։ Այս ամուր կապը իր երկրի և նրա բնական գեղեցկության հետ երևում է նրա ստեղծագործություններում, որտեղ բնապատկերներն ու դրանց հետ կապված զգացմունքները նրա պատմությունների կարևոր մասն են: Բակունցի գրածը լցված է գունեղ ու աշխույժ տեսարաններով:

Գրողը Վարվառա Չիվիջյանին, ով ֆեմինիստ էր, երկու անգամ ամուսնության առաջարկ է արել։ 1923 թ․-ին աղջիկը մերժել էր նրան՝ ասելով, որ մինչև համալսարանը ավարտելը չի ուզում ամուսնանալ: Սակայն ինչ–որ ժամանակ անց, 1924թ․-ին զույգն ամուսնանում է։ Իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին՝ Սևադան։

30-ական թվականներին Բակունցին այլախոհի պիտակի տակ էին առել և 1936թ.-ի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքն էր՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևեց 25 րոպե և կայացվեց գնդակահարման որոշում, որը ի կատար եկավ 1937թ.-ի հուլիսի 8-ին:

<< Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: >>

Թողնել մեկնաբանություն