Իրավունքի նորմերի կառուցվածքներ, տեսակներ

Իրավունքի նորմերի կառուցվածքը․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա

Իրավունքի նորմերը բաղկացած են երեք հիմնական տարրերից՝ հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա։ Սրանք միասին ձևավորում են իրավական նորմի կառուցվածքը, որոնք կարգավորում են մարդու վարքագիծը:

Հիպոթեզ – Այն պայմաններն է, որոնց դեպքում իրավական նորմը սկսում է գործել: Հիպոթեզը նկարագրում է, թե ինչպիսի իրավիճակներում պետք է կիրառվի տվյալ իրավական նորմը: Օրինակ՝ «եթե անձը 18 տարեկան է» պայմանը հիպոթեզ է, որը կիրառելի է, երբ որոշակի գործողությունների կամ պարտավորությունների ժամանակ գործ ունենք անձի տարիքի հետ։

Դիսպոզիցիա – Իրավական նորմի հիմնական բաղադրիչն է, որը սահմանում է՝ ինչպիսի վարքագիծը պետք է լինի հիպոթեզի պայմանների առկայության դեպքում: Դիսպոզիցիան ուղղակիորեն կարգավորում է վարքը, ասելով, թե ինչ պետք է անել կամ չանել:

Սանկցիա – Սահմանում է այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, եթե խախտվեն դիսպոզիցիայում նշված վարքագծային պահանջները: Սանկցիան որոշում է իրավական պատասխանատվությունը կամ պատժի տեսակը իրավախախտման համար:

    Իրավունքի նորմերի տեսակները․ իրավապահպան, կարգավորիչ

    Իրավունքի նորմերը բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ կարգավորիչ և իրավապահպան:

    Կարգավորիչ նորմեր՝ կարգավորում են մարդկանց իրավունքներն ու պարտականությունները հասարակական հարաբերություններում:

    Իրավապահպան նորմեր՝ ուղղված են խախտումների կանխարգելմանը և պատժի կիրառմանը իրավախախտումների դեպքում:

      Պետական հարկադրանք

      ՀՀ Սահմանադրություն Գլուխ 2, հդվ, 25-46;

      Ընտրել 5 հոդված, ներկայացնել օրենքների կառուցվածքը, նորմերի տեսակները։

      Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը

      1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
      2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
      3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է ամուսնության տարիքի հասած կանանց և տղամարդկանց:
      Դիսպոզիցիա — Կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:
      Սանկցիա — Եթե ամուսնության տարիքին չհասած կինը կամ տղամարդը ամուսնանում են, նրանք կարող են պատժվել օրենքով սահմանված կարգով:

      Հոդված 37.Երեխայի իրավունքները

      1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
      2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
      3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
      4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է երեխաներին:
      Դիսպոզիցիա — Երեխան իրավունք ունի ծնողների հետ անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանել:
      Սանկցիա — Երեխայի իրավունքների խախտման դեպքում անձնավորությունը պատժվում է օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ սահմանափակվում է շփման իրավունքը երեխայի հետ:

      Հոդված 39.Մարդու ազատ գործելու իրավունքը

      Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է բոլոր անձանց:
      Դիսպոզիցիա — Մարդն իրավունք ունի անել այն ամենը, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները:
      Սանկցիա — Եթե մարդը խախտում է օրենքները և շրջապատի իրավունքները, նա պետք է պատժվի օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ կարող է տուգանվել, ազատազրկվել:

      Հոդված 43.Ստեղծագործության ազատությունը

      Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է գրական, գեղարվեստական, գիտական, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող անձանց:
      Դիսպոզիցիա — Ամեն մարդ ունի իրավունք և ազատություն գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ուղիներով ստեղծագործելու:
      Սանկցիա — մարդու՝ ազատ ստեղծագործելու իրավունքը խախտելիս կարելի է ստանալ օրենքով սահմանված պատիժ՝ տուգանք, ազատազրկում և այլն:

      Հոդված 29.Խտրականության արգելքը

      Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է բոլոր էթնիկական, կրոնական և այլ խմբավորումներին:
      Դիսպոզիցիա — Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց պատկանելիությունը վերը նշված խմբերին և խտրականությանը չհանդիպել:
      Սանկցիա — Եթե նշված մարդկանց խմբերը հանդիպում են խտրականությանը ինչ-որ անձից, այդ անձը պետք է պատճվի իրավական նորմերով՝ նրան կարող են տուգանել, ազատազրկել և այլ ձևերով պատժել:

      Թողնել մեկնաբանություն