«‎Միրհավ» վերլուծություն

«‎Միրհավ» պատմվածքը սիրո պատմության մասին է, որը վատ ավարտ ունեցավ: Սոնան և Դիլանը մանկության ընկերներ էին և իրար սիրում էին, սակայն աղջկան ամուսնացրեցին ուրիշի հետ՝ փողի համար:
Սոնան դավաճանեց իր ամուսնուն, որպեսզի ժամանակ անցկացնի Դիլանի հետ, ինչը ուրիշ դեպքերում ես միշտ քննադատում եմ, սակայն այս պատմությունը և սերը այդ երկուսի միջև ինձ չեն թողնում դա անել: Սոնան միշտ սիրել էր Դիլանին, սակայն հարկադրված ամուսնությունից հետո փորձեց կորցնել զգացմունքները՝ Դիլանից հեռանալով և խուսափելով, սակայն հիշողությունները և անմար սերը նրան չէին թողնում դա անել: Նա հետ եկավ Դիլանի մոտ մի վերջին անգամ, որից հետո այլևս չմոտեցավ՝ հասկանալով, թե ինչ ամոթանալի բան էր արել: Սակայն ես նույնիսկ չեմ կարծում, որ Սոնայի ամուսինը նրան սիրում էր, քանի որ գտավ նրան փոխարինող և հոգ չտարավ նրա գերեզմանի մասին:

Բակունցը սիրում էր իր պատմվածքներում մարդու և բնության միջև համեմատություններ անել, ինչպես և արեց այստեղ:

Դիլանի՝ միրհավին կրակելու և հետո անտառապահի կողմից բռնվելու դրվագը կարծես խորհրդանշում է նրա և Սոնայի հարաբերությունները և դրանց բարդությունը:

Միրհավը, իմ կարծիքով, խորհրդանշում է Սոնային, իսկ անտառապահը՝ Սոնայի ծնողներին, հասարակության կարծիքը և մեղքի զգացումը: Դիլանը փորձեց նորից Սոնայի հետ լինել, ինչպես փորձեց մոտենալ միրհավին և բռնել նրան: Սակայն ուրիշները և նրանց կարծիքը խանգարեցին դրան, ինչը խորհրանշում է անտառապահը և նրա շունը: Եվ չհասցնելով ստանալ Սոնային, Սոնան հեռացավ, անհետացավ Դիլանի կյանքից, ինչպես և միրհավը թռավ Դիլանի ձեռքերից: Ինձ թվում է այն պահը, երբ նկարագրվում է, թե ինչպես միրհավի թռիչքի ժամանակ Դիլանը հասցրեց միայն կպնել դրա փետուրներին և զգալ տաքությունը պատկերում է հնձանի մոտի դրվագը Սոնայի և Դիլանի միջև: Այդ ժանակակ Դիլանը նույնպես զգաց Սոնայի տաքությունը, սակայն միայն մի պահ, իսկ հետո Սոնան սկսեց նրանից խուսափել և այդպես հեռացավ Դիլանից:
Անտառապահը, երբ բռնեց Դիլանին, մտրակեց նրան, ինչը կարող է խորհրդանշել այն ցավը, որը Դիլանը զգաց, երբ Սոնային ստիպեցին իրենից հեռանալ: Կամ նաև զարկը կարող է նշանակել Դիլանի՝ իրականություն հետ գալը և հասկանալը, որ նա երբեք չի կարողանա Սոնայի հետ լինել: Միրհավի՝ ետևում թողած փետուրները ցույց են տալիս Սոնայի հանդեպ սերը և սիրելի հիշողությունները, որոնք մնացին Դիլան Դայի մեջ մինչև կյանքի վերջ, չնայած նրա հեռանալուն: Միրհավները նման են Սոնային՝ նրանք նույնպես շատ զգույշ են և համեստ, սակայն վառ են և գրավիչ:
Ոչ ոք Սոնայի մասին այդքան չէր մտածում, ինչքան Դիլանը: Սոնայի տեղը կարճ ժամանակում ուրիշին ամուսնացրեցին նույն տղամարդու հետ, իսկ նրա գերեզմանը մամռապատ էր դարձել, թեքված էր և հողի մեջ կորած:

Հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին Սոնային դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին: Ստեղծագործությունը պատկերում է այդ ժամանակաշրջանի ակնկալիքները երիտասարդ աղջիկներից և թե ինչպես նրանց ընտանիքների համար ավելի կարևոր էր ընտանիքի պատիվը, հպարտությունը և իրենց մասին կարծիքը, քան սեփական երեխան և նրա որոշումները:

Թողնել մեկնաբանություն