Իրավունքի զարգացման պատմությունը Հայաստանում։ Հին և վաղմիջնադարյան իրավունք;
Հնագույն ժամանակներում հասարակական կյանքը կարգավորում էին տոհմացեղային սովորույթները, որոնք բանավոր էին և չգրված և իրականացվում էին ներքին համոզման ուժով և հասարակական կարծիքով:
Նոր պայմաններում սոցիալական նոր կարգավորիչն իրավունքն էր: Իրավունքի ամենահին ձևը սովորութային իրավունքն է, այն սովորույթը, որ երաշխավորված էր պետական հարկադրանքով:
Հայաստանում սովորութային իրավունքը զանազան պատճառների ուժով գոյատևեց շատ երկար: Հայաստանի բնակչությունն ընդհուպ մինչև արաբական ներխուժումը գերազանցապես միաէթնիկ էր: Այդ պայմաններում չգրված սովորութային իրավունքն արդյունավետ կատարում էր իր կարգավորիչ դերը:
Քրիստոնեության ընդունմամբ հայ եկեղեցին ձեռք բերեց լայն իրավասություն եկեղեցական-կրոնական և աշխարհիկ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դրան նպաստում էր պետության թուլությունը: Հայ եկեղեցին, ի տարբերություն հայկական պետության, միշտ եղել է խիստ կենտրոնացված: Այս պայմաններում Հայաստանում սկսեց ձևավորվել և զարգանալ կանոնական իրավունքը:
Եկեղեցական ժողովներում սահմանվում էին հատուկ խրատներ, կարգեր, որոնք պարտադիր էին քրիստոնեական համայնքների համար: Դրանք կոչվում էին կանոններ: Քրիստոնեության ընդունմամբ սովորութային իրավունքի դերը սկսեց նվազել:
Հայ միջնադարյան կանոնական իրավունքն ամփոփված է <<Կանոնագիրք հայոց>> ժողովածուի մեջ: Կանոնագիրքն առաջին անգամ կազմվել է VIII դարում: Հետագայում այն հարստացել է նոր կանոններով: