Հայ Ազգային կուսակցություններ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ պատմական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Հայ ազգային-քաղաքական կյանքը աշխուժացել էր, քանի որ Հայկական հարցը դարձել էր մեծ տերությունների հետաքրքրության առարկա և հայ մտավորական շրջանները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր, միավորվում էին ազգային-ազատագրության գաղափարի շուրջ:
Բայց սուլթանական վարչակարգը ուժեղացրել էր ազգային և հասարակական ճնշումը, ինչից հետո Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան ավելի հասուն քաղաքական կազմակերպությունների՝ ազգային կուսակցությունների առաջացման համար:

  • Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի միություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը, բայց նրան վտարում են: Հետո Ֆրանսիայի Մարսել քաղաքում է հաստատվում, որտեղ հրատարակվում է <<Արմենիա>> թերթը:
Հեղափոխությունների շրջանում 1885թ. աշնանը Վան քաղաքում գաղտնիության պայմաններում հիմնադրվում է առաջին հայ ազգային կուսակցությունը, որը կոչվեց <<Արմենական>>, քանի որ Փորթուգալյանի աշակերտները շարունակում էին հետևել <<Արմենիայի>> ուղղությանը:
Արմենականները պայքարում էին արևմտահայերին լուսավորելու և թուրքական բռնատիրությունից ազատագրելու համար:

  • Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Որպես հեռավոր նպատակ Հնչակյան կուսակցությունը սահմանում է մարդու կողմից մարդու շահագործման վերացումը և սոցիալիզմի կառուցումը, իսկ մոտակա խնդիր՝ հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրքական բռնապետությունից: Ապագա հայկական անկախ պետության կազմում պետք է միավորվեին օսմանյան, ռուսական և պարսկական տիրապետությանը ենթակա հայկական հողերը:

  • Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Օսմանյան իշխանությունների կողմից օրեցօր սաստկացող բռնությունների դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու, միավորվելու, միմյանց հետ դաշնակցելու համար 1890թ. ամռանը Թիֆլիսում ընթացող հիմնադիր ժողովները հանգեցնում են ազգային ավելի ազդեցիկ կուսակցության՝ <<Հայ հեղափոխականների դաշնակցության>> (ՀՅԴ) ստեղծմանը:
Կուսակցության անդամները ձգտում էին հասնել Արևմտյան Հայաստանի ազատությանը, որով այս փուլում հասկացվում էր հայկական նահանգների ինքնավարության հաստատումը: նաև նախատեսվում էր ժողովրդի զինում, մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական գործողությունների իրականացում:

Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

Թեմա 9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները․
ա/ Պետության արտաքին քաղաքականությունը
բ/ Արտաքին քաղաքականության սահմանադրական հիմունքները
գ/ Պետության արտաքին գործառույթները
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 201-204
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր արտաքին քաղաքականությունը: Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը: Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից:

Պետության արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բազմաթիվ գործոնների հիման վրա, որոնց մեջ են մտնում երկրի սոցիալ-տնտեսական դրությունը, աշխարհագրական դիրքը, պատմական, ազգային-կրոնական առանձնահատկությունները, երկրի անկախության և անվտանգության ապահովման պահանջը և այլն:

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունը և փոխշահավետությունը: Հայաստանն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ պարտավորվում է ղեկավարվել միջազգային իրավունքի սկզբունքներով և անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերով ստանձնած իր պարտավորությունները:

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Արտաքին գործառույթները իրականացվում են արտաքին ոլորտում պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը: Դրանց նպատակն է այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը:

3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները:

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարբեր երկրների հետ լավ հարաբերություններ պահելուն, օրինակ՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի և Հնդկաստանի։ Այս ամենը օգնում է անվտանգություն ու տնտեսական կապեր ապահովել։ Բայց Հայաստանի խնդիրները՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, դժվարացնում են առաջընթացը։ Դեռ պետք է զարգացնել դիվանագիտությունն ու ավելի անկախ լինել խոշոր երկրներից։