Մեծապատիվ մուրացկանները վերլուծություն

<<Մեծապատիվ մուրացկանները>> վեպը, ինչպես Պարոնյանի այլ ստեղծագործությունները, երգիծանք է: Վեպում ներկայացվում է հասարակությունը և դրա վատ կողմերից մեկը: Պարոնյանը այս ստեղծագործությամբ ծաղրում է մեր հասարակության մեջ այդքան տարածված ագահությունը և խաբեությունը, ինչը, ցավոք, մինչ հիմա ակտուալ է, չնայած նրան, որ վեպը գրվել է մոտ 140 տարի առաջ:

Գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան էր, ով մեծահարուստ էր, հարգված մարդ: Եկել էր Պոլիս իր համար կին գտնելու: Սիրում էր, երբ իր մասին լավ էին խոսում և միշտ փորձում էր ցույց տալ իր հարստությունը: Սակայն նա այդքան էլ խելացի չէր, միամիտ էր և հեշտ վստահող:

Մնացած հերոսները իրար նման են: Մանուկ աղան, տիկին Շուշանը, քահանան, վարսավիրը, բժիշկը, լրագիրը, խմբագրերը և շատ այլ հերոսները Աբիսողոմ աղայից միայն մի բան էին ուզում՝ փող: Օգտվելով Աբիսողոմ աղայի թուլությունից՝ երբ իր մասին լավ են խոսում, մարդիկ ամեն կերպ փորձում էին նրանից փող քաշել: Օրինակ՝ առաջին այդպիսի մարդը խմբագիրն էր, ով համոզեց Աբիսողոմին 2 ոսկու դիմաց իր մասին թերթում գրել: Մարդիկ գնալով ավելի ագահ էին դառնում՝ սկզբում ծառայության դիմաց էին փող խնդրում, իսկ վերջում ուղղակի խղճի վրա էին ազդում և աղաչում իրենց փողով օգնել:

Ստեղծագործության անվանումը՝ <<Մեծապատիվ մուրացկանները>>, ցույց է տալիս հերոսների պահվածքը: Նրանք ներկայանում էին Աբիսողոմ աղային որպես պատվավոր և հարգված մարդիկ, ովքեր իրեն ուղղակի ծառայություն էին առաջարկում և բարություն անում: Սակայն հետագայում նրանք ցույց են տալիս իրենց իսկական դեմքը՝ ամեն խոսակցության վերջում փող խնդրելով, ինչը ցույց է տալիս <<մուրացկան>> բառը: Պարոնյանը նշում է, որ նույնիսկ մեծապատիվ մարդիկ՝ հոգևորականները, կարող են իրենց այդպես կեղծավոր պահել, և մարդը պետք է ոչ միայն խոսքերով, այլև իրական արարքներով լինի պատվավոր ու ազնիվ։

Ինձ այս վեպը շատ դուր եկավ: Այն երկար չէր, հեշտ կարդացվող, ուներ ծիծաղալու մասեր: Չնայաց սկզբից թվում է, թե վեպը սովորական կյանքի դրվագի մասին է, այն օգնում է մեզ խորանալ մեր հասարակության խնդրի մեջ՝ կեղծավորության և ագահության: Պարոնյանը շատ լավ համատեղեց երգիծանքը և քննադատությունը մի վեպի մեջ: Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենապատվավոր մարդիկ կարող են շատ կեղծավոր լինել։