Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը
ա/ Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 213-216
Առաջադրանք
Որո՞նք են՝
1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։
Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն, որոնց մեջ նախ մտնում է բյուջետայինը: Այնտեղ նախատեսված են նաև արտաքին քաղաքականության համար հատկացվող գումարները: Այն վերահսկում է պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:
Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանը արտաքին քաղաքական հարցերի պատճառով: Այն կարող է արտաքին քաղաքական հիմնախնդիրները պարզաբանել և լուծել: Ազգային ժողովում գործում է արտաքին քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողով: Այն ստեղծվում է ոլորտի օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման, դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:
2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։
Կառավարությունն օժտված է որոշակի իրավասությամբ արտաքին քաղաքականության ոլորտում: Քանի որ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է նախագահը, ապա կառավարությունն այն մշակում և իրականացնում է նախագահի հետ համատեղ: Ընդ որում՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել նաև նախագահը:
Արտաքին քաղաքականության անմիջական կառավարումն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ): ԱԳՆ — ն մշակում է արտաքին քաղաքականության ծրագրերը և դրանք ներկայացնում կառավարության քննարկմանը: ԱԳՆ — ն ամենօրյա կապի մեջ է երկրում դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ընդունում է պաշտոնական պատվիրակություններ և բանակցություններ վարում նրանց հետ: Նրա կարևորագույն խնդիրներից է միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի նախապատրաստումը և դրանք կառավարության քննարկմանը ներկայացնելը: ԱԳՆ — ն նաև արտասահմանում դիվանագիտական ներկայացուցիչների է ղեկավարում ու վերահսկում:
3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում:
Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է համարում միջազգային պայմանագրերը հանրապետության նախագահի առաջարկությամբ:
Արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է հանրապետության նախագահը: Նախագահը՝ որպես պետության գլուխ, ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրերը և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Նախագահը նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը: Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցը: