Բառախմբեր վարժություններ

Ուսումնասիրել բառախմբերը, յուրաքանչյուրով կազմել նախադասություններ

§10․ Գործառություն — գործառնություն
Գործառություն֊ը, որի նույնանիշը գործառույթ֊ն է, որեւէ մեկի կամ մի բանի կատարած դերն է, օտար բառով՝ ֆունկցիան, ինչը կարող է փոխվել հանգամանքների փոփոխության համաձայն։ Օրինակ՝ «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»։ Կամ այս նախադասության մեջ՝ «Հայերենում ա հոդակապը, որ ինքնին իմաստազուրկ է, որոշ բառազույգերում (հրձիգ — հրաձիգ, փոխնորդ — փոխանորդ, քարհատ — քարահատ) իմաստազատիչ գործառույթ // գործառություն (=ֆունկցիա) ունի»։

Գործառնություն֊ը տնտեսական֊ֆինանսական֊առեւտրային գործողություն (=օպերացիա) է նշանակում։ Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարք֊ով։ Այսպես՝ «Հայարդինբանկը նոր գործառնույթներ (=գործարքներ) է նախատեսում Ռուսաստանի մի քանի բանկերի հետ»։ Գործառնություն֊ը, ուրեմն, ֆինանսական գործարք֊գործողությունն է։

Գործառություն — Հեռախոսը դադարեց իր գործառությունը:
Գործառնություն — Գործառնությունը իրեն շատ փող բերեց:

§11․ Դիտել — դիտարկել
Քննել — քննարկել

«Մենք դիտում ենք աստղերը» եւ «Մենք դիտարկում ենք աստղերը»։ Առաջինում սովորական գործողությունն ենք հասկանում, երկրորդում նշանակում է նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով՝ հետազոտելու, ուսումնասիրելու, ճանաչելու, քննելու — քննարկելու… Ահա այս զույգը եւս տարբերակման կարիք ունի, մանավանդ որ դիտել — դիտարկել֊ի համեմատ սրանց գործառույթները համարյա նույնանում են, ինչպես՝ «Հարցը պետք է ըստ ամենայնի քննել // քննարկել»։ Այս նախադասության մեջ եթե քննել֊ը գործածենք, ապա ուզում ենք առավելապես կարեւորել, որ հարցը պետք է բոլոր կողմերից ուսումնասիրել, հետազոտել, պարզել, խորացնել… Իսկ եթե քննարկել֊ը թողնենք, ապա առավելապես շեշտում ենք այն, որ հարցը քննության առարկա պիտի դարձնել, տարբեր անձանց կարծիքներն ու տեսակետնգրը լսել, մտքեր փոխանակել եւ այլն։

Քննել֊ի մյուս կիրառությունները սովորական են, քննում են ուսանողին ու նրա գիտելիքները, քննում֊հարցաքննում են ամբաստանյալին… Վերջապես, քննել կարող է թե մեկ անձը, թե՝ մի քանիսը, իսկ քննարկել֊ը անպայման ենթադրում է առնվազն երկու հոգու մասնակցություն։ Ուստի, հետեւյալ նախադասության մեջ եթե քննել֊ի գործածությունը սխալ չէ, ապա նախընտրելին քննարկել֊ն է․ «Քննարկում են ամբաստանյալին պատժելու կամ ազատելու հարցը»։ Իսկ «Հավաքվել ու քննարկում են գրողի գիրքը թե պիեսը, ռեժիսորի բեմադրությունը, նկարչի նոր կտավը, կոմպոզիտորի օպերան…», արդեն քննել֊ը գործ չունի, միայն՝ քննարկել։

Դիտել — Այսօր դիեցինք հետաքքիր ֆիլմ:
Դիտարկել — այս փաստը պետք է դիտարկել որպես ապացույց:
Քննել — մեղավորներին քննեցին փաստաբանները:
Քննարկել — նրանք այս հարցը քննարկում էին շատ երկար:

§12․ Երախտիք — երախտագիտություն
Երախտիք֊ը լավ, բարի գործն է, որ մնում է ու դառնում վաստակ, բարձր գնահատության արժանի աշխատանք։ Ասենք՝ «Մ․ Սարյանը մեծ երախտիք ունի հայ կերպարվեստը աշխարհի հանրությանը ներկայացնելու գործում»։, «Տիգրան Պետրոսյանի երախտիքը շախմատային Հայաստանում անուրանալի է»։

Երախտիք ունեցող անհատներին էլ կոչում են երախտավոր։ Ասում ենք՝ «Ռաֆայել Իսրայելյանը մեր ճարտարապետության երախտավորներից է»։

Ահա, այդպիսի մարդկանց նկատմամբ էլ մենք երախտագիտության զգացում ունենք (կամ՝ համակվում ենք երախտագիտությամբ)։ Ուրեմն՝ երախտագիտություն֊ը այդ երախտիքը տեսնելու ու գնահատելու ընդունակ լինելն է։ Երախտիք ունեցող գիտնականի, արվեստագետի, ուսուցչի կամ շինարարի հանդեպ տոգորվում ենք երախտագիտության զգացումով։

Ավելացնենք, որ մեկի երախտիքը՝ վաստակը տեսնողն ու գնահատողը երախտագետ մարդ է, իսկ երախտիքը, լավությունը չտեսնողը կամ մոռացողը՝ երախտամոռ։

Երախտիք — Հայրենիքում նա հայտնի էր իր կատարված երախտիքներով:
Երախտագիտություն — Նա չէր կարող արտահայտել իր երախտագիտությունը:

§13․ Զեկուցում — զեկույց
Զեկուցում֊ը ավելի հայտնի գործածություն ունի, զեկուցումներ ենք կարդում կամ լսում տարբեր թեմաներով՝ գիտական, մանկավարժական, մշակութային… Զեկուցում֊ին նույնանիշ է բանախոսություն֊ը՝ բանավոր խոսք, որ կարող է հնչել իբրեւ գրվածքի ընթերցում, կարող է եւ հնչել առանց այդպիսի գրվածքի։

Զեկույց֊ը որեւէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկատվություն֊հաղորդումն է։ Զեկույցը նաեւ գիտական կամ այլ բնույթի հետազոտությունների արդյունքների համառոտ հաղորդումն է։ Զեկույց (այս դեպքում օտար բառով՝ ռապորտ) կարելի է վերադասին ներկայացնել որեւէ դեպքի, պատահարի, մեկի վարքի կամ իր իսկ հրաժարականի մասին եւ այլն։

Ուղղենք սխալը՝ «Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկույցները (փոխ․՝ զեկուցումները բավականաչափ ինքնուրույն էին», «Հնագիտական եռամյա հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված մեկ էջանոց զեկուցումը (փոխ․՝ զեկույցը) ինքնին խոսում էր»։

Զեկուոցւմ — Այսօր դպրոցում կարդացինք համալսարանական զեկուցում:
Զեկույց — Պատահարի մասին զեկույցը արագորեն տարածվեց:

§14․ Զերծ — զուրկ
Սրանք հոմանիշ բառեր են եւ «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն։ Սակայն հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։

Զերծ֊ը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու, առանձնացնելու» միաստով՝ «չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»։

Զուրկ֊ը գործածվում է «որեւէ լավ հատկություն կամ անհրաժեշտ, ցանկալի բան չունենալու» իմաստով՝ «բարիքներից, աշխատանքից, ունեցվածքից, խելքից, օգնությունից զուրկ»։

Հետեւյալ նախադասության մեջ իրենց տեղում են գործածվել երկուսն էլ․ «Երեխային զերծ պահեք (=հեռու պահեք) փողից, բայց եւ զուրկ մի թողեք (=մի զրկեք)»։ Կամ՝ «Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը իր գոյությունը ամեն փորձանքեն զերծ պահելու գաղտնիքը գտեր էր» (Գր․ Զոհրապ)։

Իրոք որ, եթե զուրկ ես ինքնուրույնությունից, մտավոր լայն հետաքրքրություններից, հոգեւոր֊բարոյական մեծ աշխարհի գեղեցկությունների զգացողությունից, ապա շատ դժվար է զերծ մնալ զանազան մոլություններից ու մոլորություններից, չար կրքերի գայթակղությունից, անբարո մարդկանց լարած որոգայթներից։

Զերծ — Զերծ մնացեք նման վտանգավոր քայլերից:
Զուրկ — Նա զուրկ էր մարդկային բոլոր հատկություններից:

§15․ Ըստ որի — ըստ որում
Գրաբարից փոխանցված կապակցություններ են։ Ըստ որի նույնն է, եթե ասենք որի համաձայն, ինչի համաձայն։ Ինչպես որ գործածում ենք՝ ըստ կարգի = կարգի համաձայն, ըստ նրա = նրա կարծիքի համաձայն՝ նրա կարծիքով։ Իմ կարծիքով կամ իմ կարծիքի համաձայն ասելու փոխարեն այսօրվա հայերենին է անցել գրաբարյան սեղմ ձեւը՝ ըստ իս։

Ըստ որում կամ ընդ որում․ գործածվում են մեկնական֊բացատրական նշանակությամբ, երբ որեւէ բան ասվածից միաժամանակ առանձնացվում֊մասնավորեցվում է։ Նայած տեղի՝ դրանց հոմանիշները կլինեն՝ քանի որ, դրա հետ միաժամանակ, մանավանդ… Օրինակ՝ «Նա խնդրեց իշխանին հայտնել առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում», «Նա մի ամբողջ ժամ այդպես մնացել էր ուշագնաց, ընդ որում որեւէ մեկը չէր նկատել իրեն»։

Ընդ որում֊ը նշանակում է նաեւ ներառյալ, այդ թվում, դրանց թվում։

Ըստ որի — Փաստաբանը կարողացավ փաստեր գտնել, ըստ որի որոշվեց մեղադրյալին մահապատժի ենթարկել:
Ըստ որում — Փաստաթղթերը ստորագրվեցին, ըստ որում առանց վարչապետի համաձայնության:

§16․ Թեթեւամիտ — թեթեւաբարո
Թեթեւամիտ֊ը անլուրջ, ոչ լրջախոհն է, ժողովուրդը կասեր՝ թեթեւսոլիկ։ Նա, ով առանց բավականաչափ կշռադատելու է գործում։

Թեթեւաբարո, թեթեւ վարքուբարք ունեցող, ավելի խիստ ասած՝ անպատշաճ, ոչ բարոյական կենցաղ վարող։ Մեկը կարող է լինել եւ թեթեւամիտ, եւ թեթեւաբարո… Մյուսը, թեթեւամիտ լինելով, կարող է շատ առաքինի լինել, այսինքն՝ ամենեւին թեթեւաբարո վարք չունենալ։ Իսկ թեթեւաբարո կյանք վարողը, որպես կանոն, միաժամանակ թեթեւամիտ է լինում։ Բերենք ծանոթ մի նախադասություն․

Թեթևամիտ — նա շատ թեթևամիտ կերպով էր նայում իրավիճակին:
Թեթևաբարո — Նա դասերի ընթացքում իրեն թեթևաբարո էր պահում: