Հայոց լեզու, Գրականություն Տնային աշխատանք

Կընթերցես այն, ինչ դու ես ցանկանում: Ընթերցելուց հետո ստեղծագործությունը կարող ես ներկայացնել առաջարկված տարբերակներից մեկով.

  • Գրավոր վերլուծություն
    • Կպատմես ստեղծագործության ու հեղինակի մասին,
    • Կներկայացնես քեզ համար ամենասիրելի մտքերը,
    • Կառանձնացնես ստեղծագործության գլխավոր ու երկրորդական գաղափարները,
    • Եթե կան կերպարներ, կբնութագրես նաև նրանց,
    • Եթե ստացվի, կհամեմատես ծանոթ այլ ստեղծագործությունների հետ՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները:

Ստեղծագործության մասին

Այն ստեղծագործությունը, որը ես հիմա կարդում եմ շատ հետաքրքիր է և խորհրդավոր։ Նրա անունն է “Խորհրդավոր պարտեզը”։ Այս ստեղծագործության մեջ պատմվում է մի աղջկա մասին՝ Մերիի, որի երկրում՝ Հնդկաստանում Խոլերա հիվանդությունն էր հայտնվել և համարյա թե բոլորը վարակվել էին և մահացել։ Մերիի ընտանիքին էլ այդ հիվանդությունը կպավ և բացի նրանից մյուս բոլորը իր տանը մահացան։ Հետո նրան տարան մի տղամարդու՝ Արչիբալդ Քրեյվնի տուն, որը շատ խորհրդավոր էր։ Այդ տանը կար մոտավորապես հարյուր սենյակ և համարյա թե բոլորը կողպված։ Նաև այդ տունը ուներ պարտեզներ։ Որոնցից մեկը կողպված էր։ Քրեյվնը ուներ կին, որը այդ պարտեզնեզներից մեկը շատ էր սիրում՝ դա նրա պարտեզն էր և մի օր նա նստեց պարտեզում գտնվող ճյուղին, այդ ճյուղը կոտրվեց, նա ընկավ և մահացավ։ Դա եղել էր տաս տարի առաջ և այդ պատահարից հետո Արչիբալդ Քրեյվնը այդ պարտեզի դուռը կողպեց և բանալին թաքցրեց հողի տակ։

Այդ տանը աշխատում էր մի ծառա։ Անունը՝ Մարթա և նա Մերիին օգնում էր այդտեղ հետաքրքիր ապրել իր պատմություններով և խորհուրդներով։ Մերին այդքանել սիրուն երեխա չէր։ Նրա մաշկը դեղնոտ էր, գեշ դեմք ուներ և շատ եսասեր էր։ Դրա պատճառով նրան քիչ էին սիրում, բայց Մարթայի օգնությամբ նա դարձավ ավելի սիրուն և հետաքրքրասեր։ Նա այդտեղ ծանոթացավ մի սիրուն շիկահավի հետ։ Շիկահավը Մերիին շատ օգնեց գտնել այդ թաքցրած բանալին և գտնել խորհրդավոր պարտեզ տանող դուռը։ Այդպես Մերին որոշեց այդ պարտեզը խնամել և այն նորից կենդանացնել։

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ «Խորհրդավոր պարտեզը» Zangak գինը 5,700 դրամ

Ես այդքան մասն եմ դեռ կարդացել և շատ հետաքրքիր է այն կարդալ։

Հեղինակի մասին

Ստեղծագործության հեղինակն է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ։ Նա եղել է անգլիացի գրող և դրամատուրգ։ Ծնվել է նոյեմբերի 24-ին, 1849 թվականին, Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություններում։ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթը մահացել է հոկտեմբերի 29-ին, 1924 թվականին, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ-ում։ Այն ստեղծագործությունը, որը ես հիմա կարդում եմ՝ կոչվում է “Խորհրդավոր պարտեզը”։ Այս ստեղծագործությունը նա գրել է 1909 թվականում։

Ֆրենսիս Էլիզա Բարնեթ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  • Տեսանյութով վերլուծություն (վերևում ներկայացվածի բանավոր տարբերակը):

Պատումներ

Կգրես քո շաբաթվա մասին ու գրառումդ կզարդարես քո կողմից արված աշնանային լուսանկարներով:

Այս շաբաթը տարբերվում էր ուրիշներից։ Ես և ընկերուհիներս ալիք ենք սարքել և համարյա թե ամեն օր նկարում ենք տեսանյութեր։ Նաև այս շաբաթ՝ ես, իմ ընկերուհիներս և երկու տղա մաքրեցինք մեր բակի հողի փոքր տարածքներից մեկը։ Այն շատ կեղտոտ էր և պատված էր չորացած խոտով, բայց միասին մենք մաքրեցինք այդ տեղը և հիմա հանգիստ կարող ենք այդտեղ խաղալ։

Ես իմ ընկերուհիների հետ շատ եմ ման գալիս և այս շաբաթ նույնպես շատ ման էինք գալիս և խաղում։

Գրականություն Տնային աշխատանք

Ջրհորի մոտ

…Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկուն կրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էր գլուխներս բարձրացնեինք, իրար տեսնում էինք, իսկ դորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկուհարկանի, կտուրը երկաթած: “Կալվածատիրոջ տունն է”, ասում էին. նրա դաչան էր, ինչ… Առաջին էլ պարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ էլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա… Էդտեղ կռվից ամեն բան`տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: “Աղոթում է”,— ասում էին տղերքը: “Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն”: Մի քանիսն էլ թե “Մեզ բանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է”: Ու մենք կրակում ենք, մին—մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար հե՛չ… Ու էսպես շաբաթից ավելի… կրակում ենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ, կրակոցը երկու կողմից էլ դադարում էր: Կռիվը կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր… ջուր էլ չկա: Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա, ոնց որ ուղտին գդալով ջրես… Մի օր էլ, ըհը՛, ջուր չկա… բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ… Ծարավից տղերանց բերանը բաց էր մնացել հավի պես… Լեզուներս կպել, չորացել է… Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում… “Այ, մի քիչ ջուր հա՜” ասում ենք իրար: Բայց ո՞րտեղից… Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր… Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին իրենց գերի էինք… Էնպես էինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ—շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու“չորտ վազմի,— ասում է,— ե՞րբ պիտի ջուր բերեն”: Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի. իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե “չորտ վազմի, գոնե էս ջրհորը մոտիկ ըլեր”… Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր… Նայում ենք՝ոնց որ սովածը՝ հացին:
—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,— ասում է տղաներից մինը:
—Էդ ասի է՜,— տնքում են տղերքը:
Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ“Չորտ վազմի, չորտ վազմի…”; Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե
—Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜…
Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետին նայում:
—Եկեք մեզնից մինը թող գնա:
—Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա, կտեսնեն:
Մին էլ թե —Եկեք փորձենք: —Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն: Մի քանիսը թե փորձենք, մի քանիսը թե՝ թարկը տվեք: Վերջը, թե անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի — պետք է գնանք:
Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թե եկեք վիճակ գցենք. երեսուն—քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին մի փափախ: —Դե՛հ, հանեցե՛ք… Հանեց սա, հանեց նա,— մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ: “Դե, գնա հիմի,— ասում եմ ինքս ինձ,— ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրի ճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն…”: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտի կատարես: —Դե, արի՛ գնա, արի գնա,— ասում են: Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ՝ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլ կարծում են՝ վախենում եմ: —Չլի՞ վախենում ես… Նամուսս չվերցրեց: —Կատոլին թել կապեցեք, գնամ.— ասում եմ: Էստեղ թէ Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը, ակոպի մի ծերում նստած, պապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան, թե.
—Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք…
—Ո՞ր ջրհորից,— ասում է:
Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը:
Վաշտապետը բարկացավ:
—Գժվե՞լ եք, ի՞նչ է,— ասում է,— ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛…
Տղերքը թե —Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն: —Բայց ո՞վ է գնում,— ասում է: Թե Բաղդասարը: Այսինքն՝ես: Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: “Ափսոս է տղեն” ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց:
—Բայց էնպես գնա,— ասում է,— որ չտեսնեն հա՜… Կարո՞ղ ես…
—Կաշխատեմ,— ասում եմ:
Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր—կտոր թելեր իրար արին, ունկը կապեցին ու տվին ինձ: —Դե՛, քեզ տեսնենք: —Բարի ճանապարհ… —Հաջողությո՛ւն… Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը ու չոքե—չոք, չոքե—չոք… Գնում եմ՝ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ու կատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ, կատոլին դիպչի… Միամի՜տ մարդ. կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս… Էսպես է. վախից խոտի շվաքումն էլ կպահվես… Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմ անպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է:
“Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ,— ասում եմ,— ոչինչ,,,”:
Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ… Արևն էլ վերևից էնպես է վառում, որ տերդ խնդա… Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից… Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը… ուզում եմ սրբեմ, ձեռ կբարձրանա՜… Սիրտս խնոցու պես գցում է փորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.— ավստրացիք դեռ չեն տեսնում… Շուտով հոգնեցի, փռվեցի կանաչների վրա… Հանգստացա ու նորից… Գնում եմ – էլի չեն տեսնում… Մի երկու անգամ նայեցի մերոնց կողմը. տեսնեմ ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ… ժաժ չեն գալիս. չեն տեսնում… Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքեչոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարի շվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում է՝լեզուս կապ է ընկել… առաջ հլա էս քարի շվաքում մի լավ շունչ քաշեցի, հանգստացա…. Նայեցի, ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ… ո՜նց ջուր հանեմ… Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէ, տեսնելու են, որ տեսնեն թե չէ, կրակելու են:
Տերդ խնդա՜ Բաղդասար… Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտի բարձրանայի…. մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բան միտս ընկավ. աղլուխս: Լավ է մոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպի ավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլ սպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն… Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլը կախում են հորը. էդ որ տեսան ավստրացիքս, հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանի անգամ ձեռքս բերանս տարա… Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք…
Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին…
Աչքերս նրանց կողմը՝ կատոլը կախ արի… Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում… Ի՞նչ անեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանց կողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես չես հասնի: Ես վազում եմ, իսկ ավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին:
Դեռ կես ճամփին եմ,— մերոնք “ուռա՜” կանչեցին:
—Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածի վրա…
Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին – հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմում, ավելի է ծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր: Տղերքը թե արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա… Խնդրում են, աղաչում:
Մտածում եմ՝գնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տղերքը չեն. մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ… Մտածեցի ու ասի արի մեկ էլ գնամ, ինչ կլի, կլի՛… Էդպես ժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել… Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե—չոք եմ գնում, այլ կանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թե մի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխս շարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի ոչի՜նչ… Բան չեն ասում…
Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե —Հրե՛ մի ավստրացի է գալի: Ես դառնամ դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալով գալիս է: Եկավ, եկավ ու – ըհը — տեսնենք մի աման էլ ձեռին: Մերոնք թե —Ջրի է գալի… Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե
—Այ տղա նրանք էլ են ծարավ էլել…
Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ու տարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թե տղերք, եկեք մեկ—մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել… Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրա բոլորը թե
—Գնա՛նք:
Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ—մեկ, հետո՝ երկու—երկու… Էդ որ ավստրացիք տեսան իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենք գնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք՝ մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ու ավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենք նշաններով: Մենք ասում ենք “Վադա խորոշ”: Նրանք էլ “գո՛ւթ, գո՛ւթ”… Էդպես խոսում ենք, ջուր ենք հանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում… Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինք ծիծաղում… Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ… մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք… Ինչպես երևում էր, երկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվա հիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում… Ավստրացիք էլի ինչ—որ բան են հարցնում, չենք հասկանում: Նրանք “գո՛ւթ—գո՛ւթ”, մենք “խարաշո՛, խարաշո՛”: Նրանք մեզ հացի կտորներ են տալիս, մենք նրանց՝ պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում:
Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե, թե մի ժամ – մին էլ տեսնենք՝ մեր դիրքերից ձեն են տալի.
—Ռեբյատա՜…
Ոնց ենք վազում, էլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է: —Հը՞, կշտացաք,— ասում է: Մենք գլխով ենք անում: —Դա, վաշե բլագարոդիյե: —Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում,— հարցնում է: —Ոչինչ,— ասում ենք,— նրանց լեզուն չենք հասկանում: Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե
—Լավ չի՞,— ասում է,— երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար:
Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի:
—Իհարկե, վաշե բլագարոդիյե…
Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թե ո՛նց պատահեց էս բանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե “իրենք էլ ծարավ էին, դրա համար…”: Խոսում ենք մեզ համար, մին էլ իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ… Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմ եք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի…. չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակում ենք, բայց վա՛յ էն կրակելուն… Մարդուն որ չես տեսել, ուրիշ բան է. կկրակես, կքշես գնա, բայց որ տեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում… Կրակում ենք, բայց էնպես: Գցում ենք օդի մեջ, գնում է… Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերում էինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անց մեր վաշտապետին կանչեցին, տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էր, սարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ, նկատողություն. “Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ”. “Ինչո՞ւ լավ չբարևեցիր”, “Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չես կոճկել” ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք է կռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է, ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքի դավաճաններ են…”: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե “Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի”: Այսինքն հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տը՝ Վասիլի Վլասի՞չը: Ո՞ւր տարան, ի՞նչ եղավ… Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են… Մնացինք զարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ… Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինք խնդրում “չէ” չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելու ժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետ ոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ ո՞նց ենք, ի՞նչ ենք… Ու էն բաների համար սիրում էինք նրան… Բայց արի տես, որ “վատ մարդ” է եղել, ասում է: “Վատը” ո՞րն է, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանք՝ մեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասում է, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու, և չի թողել՝ թշնամու վրա կրակեն… Էդ որ իմացանք, կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ… Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավ չմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մեր պատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել… Մի օր էլ հինգ—վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան… Տղաներից մեկը վեր կալավ թե “Էդ բոլորը մեր կապիտանի գործն է”: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք – դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների մեծերի – ականջը չգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. “Խե՜ղճ մարդ”… “Խե՜ղճ Վասիլի Վլասիչ”… Ցավում ենք ու չենք իմանում ի՛նչ անենք… Մի օր էլ էսպես հինգ—վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինք ասում – վեր կացավ թե “դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել”: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. “Ուղիղ է, ասում է, պե՛տք է…”:
Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենք մեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս—ևս արին դրան…
Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրացիք են խփել:
Էդպես էլ գրեցին գազեթներում…

  • Ընթերցել պատմվածքը:
  • Առանձնացնել անծանոթ բառերը, գտնել բացատրությունները:

ծիկրակել-մի բանի ետևից՝ արանքից՝ տակից թաքուն նայել

ժաժ-շարժում

դրուստ-ուղիղ, շիտակ, ճիշտ, ճշմարիտ

փոդրաթ-կապալ

  • Բլոգում ընթերցածի մասին գրել, շարադրել մտքերը, տպավորությունները:

Այս ստեղծագործությունը նրա մասին է, որ մարդը պետք է իմանա ուրիշին և նոր նրա մասին կարծիք կազմի։ Այս ստեղծագործությունում նույնն է, բայց այստեղ սկզբից թշնամիներ էին ավստրիացիները և հայերը, բայց իրար հանդիպելուց և խոսալուց հետո հասկացան, որ իրար թշնամի չեն։

Գրականություն Տնային աշխատանք

Հայը և հայը

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.
-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:
Չգիտեմ՝ ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել՝ Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա´յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա: Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա´յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա´յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա´յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա´յք: Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն՝ բարև տալու ինձ նման մեկին օտար աշխարհի մեջ մի օտարականի:

-Վա´յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ: Եվ այդ «դու»-ն ճիշտ ես էի՝ իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:
-Ինչպե՞ս հոս ինկար:
-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է՝ որտե՞ղ ես աշխարհ եկել):

-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ինչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:

Մուշ: Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է: Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մեզ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մեզ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
-Վա¯յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:
Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:
Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են: Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են: Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք, կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք, նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք, ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:

  • Ընթերցել Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» ստեղծագործությունը:
  • Բլոգում ընթերցածի մասին գրել, շարադրել մտքերը, տպավորությունները:

Այս ստեղծագործության մեջ պատմում են, որ շատ անգամներ եղել են պատերազմներ մեր դեմ, բայց մենք շատ ուժեղ ենք և միշտ հաղթել ենք։ Ասում են, որ շատ բաներ ենք կորցրել, բայց հաղթել ենք, և հուսով եմ, որ մենք միշտ հաղթելու ենք։

Գրականություն Տնային աշխատանք

Աստվածաշնչյան առակներից ընտրում ենք երկու-երեք առակ, ընթերցում ենք և բլոգում գրում, թե

  • Ինչի մասին է առակը,
  • Ինչ է սովորեցնում,
  • Ինչ նման առակների կամ այլ ստեղծագործությունների հետ կարող ենք համեմատել
  • Ձայնագրում կամ տեսագրում ենք առակները:

Ինչ է սովորեցնում

Ես ընտրել եմ “Երկու տների առակը” և “Տաղանդների առակը”։ Երկու տների առակը սովորեցնում է, որ իմաստուն խոսքերը լսելը միայն բավարար չէ ամուր տուն կառուցելու համար, այլ պետք է իմաստուն խոսքերը նաև կատարել և այդ դեպքում տան հիմքը կլինի շատ ամուր։ Տաղանդների առակը սովորեցնում է, որ պետք է լինել աշխատասեր և չվախենալ։

Գրականություն Տնային աշխատանք

Հովհաննես Շիրազ

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Մակդիրներ-սուրբ հայրենիք, դրոշիդ բոցը

Ճեղքել-պատռել, պատռելով անցնել մի բանի միջով

Հուրհրալ-թեժանալ, բորբոքվել, բոցավառվել (կրակի մասին)

Մոխրաբիծ-մոխրի բիծ՝ հետք

Այս ստեղծագործությունը հայրենիքի սիրո մասին է, թե ինչպես թշնամուց խոցվելուց հետո իր սիրտը հուրհրում էր, թե ինչպես է կապված հայրենիքի հետ։

Գևորգ Էմին

«Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը»

Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի, ինչքան շատ ապրել է,տևել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.

Ապրի, ինչքան շատ զոհեր է տվել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի, ինչքան հայ դեռ պիտի ծնվի,-
Հազար տարիներ ու հազար դարեր.

Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,-
Հազար տարիներ ու հազար դարեր…
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:

Տենչ-որևէ բանի բուռն ձգտում

Մակդիրներ-տենչի թևեր

Գևորգ Էմինը ուզում է, որ մեր ժողովուրդը միշտ լինի, լավ ապրի, նույնիսկ եթե դարերի ընթացքում այդքան շատ զոհեր է տվել։

Գրականություն Տնային աշխատանք

Մուշեղ Գալշոյան

ՁԱՅՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ․․․

Ղալաթիան Պոլսո հայաշատ թաղամասն էր, թաղի շենք ու շինությունները ստվեր ձգողը՝
սուրբ Լուսավորիչը։ Կանաչ չէր բուսնում Լուսավորչի բակում․ վանքը զանգ զարկող ու խունկ ծխող
ուներ, մոմ ու մատաղ խոստացող աղոթավորներ, ու բակում հայոց ազգային Կենտրոնական
վարժարանն էր՝ ելումուտ անող ոտք ու մտոք անհանգիստ պատանիք։
Էլի աշուն էր․ վարժարանի սաները վերադարձել էին ամառային արձակուրդից, Հայաստան
աշխարհի բոլոր կողմերից եկել՝ վանքի բակը օծել հայոց ճամփաների փոշով, Ղալաթիայի փողոցները
լցրել ձայն ու ոտնաձայներով՝ իրենց սար ու ձորերի։ Սեպտեմբերն էր՝ նոր էին եկել, դեմքներին առած
իրենց շեներից գույներ, աչք ու ականջներում՝ շշուկներ։
Եվ հիմա, 1912 թվականի աշնան այդ առավոտ, վարժարանի բակում ծաղկում էր նորեկ մի
ուրախություն․

-Կոմիտաս վարդապետը մեզի երգեցողության դասեր պիտի տա։

-Հայր Կոմիտասը այսօր քաղցր ձայն ունեցողները պետք է ջոկե երգչախմբին համար։

Կոմիտաս վարդապետը երաժշտանոց հիմնելու միտք ունի և այսօրվան ընտրած ձայնեղները
երաժշտանոցին ուսանողներ ալ պետք ըլլան։

-Հայր Կոմիտասը․․․
Եվ աղոթքի պես շուրթից շուրթ անցնող անունն էր սուրբ, և վարժարանի սաներից շատերը նրան չէին
տեսել, ու մեծ էր անհամբերությունը։ Բայց դեռ մի դաս էլ պետք է առնեին, հետո նոր հավաքվեին
վարժարանի դահլիճում՝ հայր սուրբին ի տես։
․․․ Եվ եկավ հայր սուրբը։ Վարժարանի տնօրեն Նալբանդյանի ուղեկցությամբ ներս մտավ և դահլիճն
ու ողջ ուսանողները մեկեն առավ աչքերի մեջ։ Ամեն մեկին թվաց, թե հայր սուրբը իրեն տեսավ, հենց
իրեն նայեց ու տեսավ։ Իրանը կիպ-կալող ու երկարափեշ սքեմը գոց շուրթերի պես անժպիդ ու լուռ
էր, իսկ սքեմը օձիքի ճերմակ երիզը հայացքի պես լուսանշույլ՝ սևը հերքող։

-Ահա ազգային Կենտրոնական վարժարանի ուսանողությունը,- մատնացույց արավ պարոն
Նալբանդյանը, մի պահ լռեց և ուսանողներին նայելով ավելացրեց,- ահա մեր Կոմիտասը, մեր ազգին
փառքը։
Կոմիտասը կողքանց ժպտաց նրան և թեքվեց, շշնջաց․

-Պարոն Նալբանդյան, ձեր ներկայությունը գուցե կաշկանդի ուսանողներուն։ Կուզեմ մենակ
մնալ նրանց հետ։ — Եվ վարժարանի տնօրենը դուրս եկավ։
Կոմիտասը շեն նայեց ուսանողներին, երկար նայեց և ամենքը խնդակից դարձան նրան ու ամեն մեկը
հայր սուրբին մոտենալու՝ աջը համբուրելու ցանկություն ունեցավ։ Բայց միայն ուրախ
խլրտում, խայտում էին։
«Հայոց աշխարհի չորեք կողմերից մարդ կա հոս»,- ուրախ մտածեց Կոմիտասը։ Կար, և ամեն մեկը իր
աշխարհի հորիզոնն ուներ կոպերի տակ և ամեն մեկի ձայնի մեջ՝ իր աշխարհի շշուկները կային։
«Եվ թող կամենա աստված, որ ամեն գավառից մեկը, գոնե մեկը ձայնեղ լինի, ու ես երգչախմբումս
հայոց աշխարհի բոլոր կողմերից ձայն ունենամ»,- ցանկացավ Կոմիտասը։
Նա հայոց աշխարհի դերվիշն էր․ թափառել էր կածան ու ճամփեքով՝ անցել գավառից գավառ, շենից
շեն․ ժողվել երգեր, «Ապրեմ-չապրեմի» պես պահել ափի մեջ և գուշակել նրանց՝ երգերի բախտը։ Ու
ամեն երգի «ապրուկն» էր գուշակել, և դա երգատեր սար ու ձորերի, երգատեր շեն ու շինականների
շունչն էր եղել, ամեն երգի «չապրուկն» էր զատել, և դա երգատեր սար ու ձորերի, երգատեր շեն ու
շինականների դարավոր անտիրության լալինքն էր եղել ու օտարատիրոջ դրոշմը։ Նա հայոց
աշխարհի ձայնահավաք դերվիշն էր․ հայ շեն ու գավառներից ժողվել էր ձայներ ու գուշակել, «Հայոց

աշխարհի բոլոր հնչյուններն ու երանգները պարունակող ձայն քչերը ունեին, շատ քչերը․․․ Ձայն
ամենայն ազգի պիտի հնչեցնել խմբովի․․․»։ — Եվ հիմա հասել էր Պոլիս, մտել ազգային
Կենտրոնական վարժարան՝ խմբելու ձայն ամենայն հայոց։
․․․ Կոմիտասը շեն նայում էր ուսանողներին, զրուցում անբառ և խոսքը գլխելու հանգով ասաց․

-Հարկավ, երգչախումբ կազմելուն դեմ չեք։ Եվ ձեզ շատ չեմ նեղացնի, ամեն մեկդ մեկ անգամ
«ֆա՜» պետք է ասեք։ Ա՛յ, էսպես․․․
Նա թեթև մատնահարեց ձեռքն առած կամերտոնը ու ականջի մոտ պահելով ձայնեց «ֆա՜․․․»։ Հետո
մոտեցավ՝ լսեց առաջին ուսանողին։

-Հապա՝ նորեն,- առաջարկեց։

-Ֆա՜․․․- կրկնեց տղան, և Կոմիտասը գլուխշարժումով հաստատեց մտքինը։

Տրապիզոնցու լաճ ես,- ասաց։
Պատանին տրապիզոնցի էր, և ուսանողները խանդոտ մտածեցին, թե հայր սուրբն ու տրապիզոնցի
իրենց ընկերոջ հայրը ծանոթներ են։
Կոմիտասը անցավ մյուսին․

-Հապա, մանչս։

-Ֆա՜․․․
Եվ տղայի պռատ այդ շնչից նրա ականջների մոտ, ուրտից ուր, զրնգաց մի հորիզոն, գետնից երկինք
ու ծովեն երկինք թավալվող իր մշուշով։ Եվ մշուշը մշուշ չէր, այլ՝ շշուկների հալոցք, և Կոմիտասը
գուշակեց շիկացած այդ շշուկների երկիրն ու ժպտաց։ Իսկ պատանին անլուր էր, որ բերան բացելու
հետ վարժարանի դահլիճն ու հայր սուրբի լսելիքը լցրել է իր աշխարհի հնչյուններով, նրա համար
ձայնը իր ձայնն էր, միայն՝ իր, հատկապես՝ իր․․․ Եվ ձայնում եղած-չեղածին նա այնքան էր անլուր ու
միամիտ, որքան է՜ն լուսնկա գիշերին, երբ ծնողները երկնել են իրեն, որքան է՜ն առավոտին, երբ աչք է
բացել և շուրթերի վրա մեկ էլ․․․ ծլել է «Մարեն», մկրտված՝ Վան աշխարհից իր ապուպապերի
ժողված շնչով ու գույներով․․․Եվ նա ձայնեց իր «ֆան» և՛ ահով, և հույսով Կոմիտասին նայեց․հայր
սուրբը հավանե՞ց իր ձայնը։
Կոմիտասը շոյեց նրա մազերը։

-Տղա, վանեցի՞ ես,- ուրախ ասաց։
Ուսանողները զարմացած իրար նայեցին․ ուրեմն հայր սուրբը տրապիզոնցի իրենց ընկերոջը չէ՞ր
ճանաչում, նրա նոր ծանոթը չէ՞ր․․․ ձայնի՞ց որոշեց։ Եվ սրան՝ վանեցի Արմենակին, իմացավ ձայնի՞ց
․․․

-Դո՞ւ, մանչս,- Կոմիտասը ձեռքը դրեց հաջորդի ուսին։ Տղան շփոթված էր և կանգնելու փոխարեն
կուչ եկավ։ Կոմիտասը ծիծաղեց և հիշեց վիպերգը՝
Իր ձեռ տվեց վեր Սպիտակ ձիու մեջքին․-
Սպիտակ ձին փոր էտու գետին։
Օհան ասաց․- Սպիտակ ձի,
Ե՞րբ տի տանես ինձ, հասցնես Դավթի կռվին։
Եվ վիպերգի տողով կատակեց տղայի հետ։

Տի տանե՞ս ինձ հասցնես Դավթի կռվին․․․ Դե քեզ տեսնիմ։
Տղան շիկնած ոտքի ելավ .

-Ֆա՜․․․
Կոմիտասը, հայացքը թեք՝ առաստաղին, ականջ պահեց ու լսելոք տեսավ էլի մի աշխարհ․․․ Տարոն
աշխարհն էր։

-Արմենակ Շահմուրադյանի մասին լսե՞լ ես,- հացրեց,- քո հայրենակիցն է․․․ ճոխ երգիչ է,-
ավելացրեց գուրգուրանքով։
Ուսանողները շփոթվել էին, մի տեսակ վախվորած ու կտրակցոն էին նայում իրար, տագնապ ու
անհամբերություն կար նրանց խլրտոցի մեջ։ Մտքերում ասում-կրկնում էին իրենց «ֆան», ավելի
համարձակները գողտուկ բերան էին բացում՝ շշնջում ֆա՜ ու ամեն մեկին թվում էր, թե առաջին
անգամ է ականջն ընկնում իր ձայնը, առաջին անգամ է լսում, ու զարմանում էին իրենցից անջատվող
անծանոթ ձայնի վրա։
Իսկ Կոմիտասը չէր նկատում ուսանողների շփոթմունքը, հաջորդակի «ֆաերի» հետ նրա
կոպերի տակ ծավալվում ու ծալվում էին հայոց աշխարհնի գավառ-հորիզոնները, պռնկեպռունկ՝
շշուկների ալիքավոր մշուշով, և ականջներում խոխոջում ու մարում էին հորիզոնների հանգվույն
շշուկները։
-Կրկնի՛ր, տղա,- նա լայն ժպտաց․ պատանու կոշտ ու փլոշտ ձայնի հետ հիշել էր սասունցի
իր ծանոթ Պետոյին, տարիներ անց վարժարանի դահլիճում՝ պատանու ձայնի մեջ նորեն հանդիպել
էր նրան, սասունցի Պետոյին, և շուտ բաժանվել չէր ուզում։
«Պետոյի ձայնի մեջ սարերից փրթած քարի արձագանք կար»,- Կոմիտասը ժպտաց իր
Պետոյին, և տղան ժպիտից սիրտ առած կրկին աղմկեց․
-Ֆա՜․․․
-Դու ծռերի՞ց ես,- պատանու թիկունքին թփթփացրեց Կոմիտասը,-ծուռ սասունցի ես։
Եվ մտքում ցավեց․ «Ձայն չունի։ Ափսոս․․․ երգչախմբիս մեջ էս ծռերից մեկն ունենալն օգուտ
է, պետք է․Սասունի երանգները ամենալավը սասունցու շնչով կղողանջե»։
-Հապա, մանչս,- Կոմիտասը ձեռքը դրեց հաջորդ ուսին։

․․․
-Ա՜, դու Շիրակ աշխարհից ես։
․․․Եվ մեկիկ-մեկիկ ձայնել տվավ ամենքին, ամեն մեկի շնչից գուշակեց նրա աշխարհն ու լսեց
այդ աշխարհի շշուկները։ Նա հայոց աշխարհի բոլոր կողմերից երգչախմբի համար ձայներ ժողովեց՝
և՛ Տարոն աշխարհից, և՛ Վանից, և՛ Շիրակ ու Գողթան աշխարհներից, և․․․ նորեն ցավեց Սասունից
բացակա ձայնի համար ու մտքում որոշեց․

«Ձայնեղ մի ծուռ կճարեմ»։
Հետո դադրած կանգնեց, հայացքով լուռ ու երկար համբուրեց դահլիճում ծվարած «Հայոց
աշխարհը», մտքում գուրհուրեց․ «Աշխարհիս չորեք կողմերեն երգչախուբս ձայն ունիմ․ հայ ձայն
հնչեցնել կարելի է ու․․․ երաժշտանոց հիմնել»,- և դարձավ ուսանողներին մեկնեց իր օրհնանքուրախությունը․
-Ապրեք, որդիք, դուք ամենքիդ ձեզ նման եք․․․ ձեր հող ու ջրի, ձեր ցեղի հիշատակներն
ունիք, ձեր աշխարհների երկինքն ու շունչը։
Եվ սքեմի օձիքը բոլորող ճերմակը ցոլացնելով ելավ դուրս։

Լրացուցիչ կրթություն

Կոմիտասը Գալշոյանի աչքերով․ “Ձայն ամենայն հայոց”

Այս ստեղծագործությունը խոսում է Կոմիտասի հայրենասիրության մասին։

Նորությունը այն էր, որ նա որոշեց ազգային երաժշտությունը պահպանելու համար ստեղծել երգչախումբ փոքր երեխաներից և փոխանցել սերնդե սերունդ ազգային երաժշտությունը։ Կերպարներն են Կոմիտասը, ուսանողները, Պարոն Նալբանդյան։ Կոմիտասը երկարափեշ սքեմ էր հագել։

Գրականություն Տնային աշխատանք

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  1. Ի՞նչ տպավորություններ ստացար ստեղծագործությունից:

Շատ սիրուն ստեղծագործություն է և ոգևորիչ։

  • Ի՞նչ փոխաբերություններ կան ստեղծագործության մեջ:

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

  1. Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:

Աշուն Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին

Իջել է աշուն,

Անտառը կրկին

Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ

Փչում է քամին,

Քշում է տանում

Տերևը դեղին։

Տխուր հանդերից

Մարդ ու անասուն

Քաշվում են կամաց

Իրենց տունն ու բուն։

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ ավելի հանգիստ է նկարագրվում աշունը։ Խոսվում է տերևաթափի մասին։ Իսկ Կոմիտասի ստեղծագործության մեջ բերքահավաքի մասին է գրված և աշունը ավելի արտահայտիչ է։

  • Մգեցված բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:

Սարսել- սոսկալ, սարսափել

Դարսել- շարել իրար վրա

Տարափ- հորդ անձրև

Վայուն-զգացող

Մայուն-մայելու ձայն

Գրականություն Տնային աշխատանք

Ուսումնասիրում ենք Կոմիտասի կյանքը և գործունեությունը,

  • Բլոգում ստեղծում ենք նյութ «Կոմիտասը» վերնագրով,
  • Հավաքած տպավորիչ ու ամենահետաքրքիր տեղեկությունները ներկայացնում ենք այնտեղ:

Կոմիտաս

Գրականություն Տնային աշխատանք

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

  • Բլոգումդ գրիր պատմվածքից ստացած տպավորություններիդ մասին:

Այս պատմությունը շատ հուզիչ է։ Շատ ուրախ եմ, որ կան այդպիսի մարդիկ, որոնք չնայած դժվարությունների օգնում են կարիք ունեցողներին։

  • Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները:

Մարդիկ լինում են հարուստ ու աղքատ և հաճախ է լինում, որ հարուստ մարդիկ դառնում են անսիրտ։ Բայց կարող է լինել և հակառակը։

  • Գտիր քեզ համար անծանոթ ու անհասկանալի բառերի բացատրությունները:

Որոճել- կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ

Անգութ- անխիղճ, անխղճմտանք, անագորույն, անողորմ, անողոք

  • Կան ստեղծագործություններ կամ հերոսներ, որոնց հիշեցիր ու նմանեցրիր այս պատմվածքին ու կերպարներին:

Ինձ բարի մարդը, որը վերցրեց տղային իր տուն հիշեցրեց նույնպես մի մարդու «Առանց ընտանիքի» գրքից, որը Վիտալիսի մահից հետո իր մոտ վերցրեց Ռեմիին։