Գրականություն Տնային աշխատանք 09.03.2022

  • Եղիշե Չարենցից կընտրես երկու ստեղծագործություն:
  • Կտեղադրես բլոգում և կսովորես անգիր:
  • Կձայնագրես և կվերլուծես դրանք:

Եվ մի առավոտ…

Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ,—
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն…

Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:

Լո՜ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգևար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…

Եվ մի իրիկուն

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես… Խաղա՜ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ…

Անցար — լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,
Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի…

Գրականություն Դասարանական աշխատանք 01.03.2022

Գաբրիել Գարսիա Մարկես

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը՝ նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը՝ այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի, թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

  • Ստեղծագործության ո՞ր տողերում էր խտացված ստեղծագործության գլխավոր գաղափարը:

“Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը՝ այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի, թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:”

  • Ինչպե՞ս կմեկնաբանես դու այն:

Իմ կարծիքով դա նշանակում է, որ եթե մարդը հավաքի իր մտքերը, ապա կկարողանա ճիշտ որոշում անել և փրկել աշխարհը:

  • Դու է´լ շարադրիր մտքերդ հետևյալ թեմայով.

Ինչպես վերանորոգել աշխարհը

Գրականություն Տնային աշխատանք 28.02.2022

  • Ձայնագրում ենք Թումանյանի հոդվածներից սիրելին:
  • Գրում ենք բլոգում մեր ընթերցանության մասին.
    • Ինչ եմ կարդում հիմա

Ես հիմա կարդում եմ Օսկար Ուայլդի “Դորիան Գերյի դիմանկարը”, որը խորհուրդ տվեցին, երբ որոշ դասարանների հետ հանդիպման էինք: Ես դեռ քիչ եմ կարդացել, բայց այն ինձ արդեն է հետաքրքիր: Կարդալուց ամբողջովին պատկերացնում ես պատկերը, որը շատ լավ է նկարագրված և ապրում այն, ինչ հերոսները: Գիրքը կարդալուց արդեն դժվար կլինի պոկվել:

Գրականություն Տնային աշխատանք 21.02.2022

«Ձևն ու հոգին»

Թումանյանը ուզում է ասել, որ մարդիկ հիմա գնահատում են ոչ թե երևույթների իմաստը, այլ միայն ձևը: Եթե լավն է արտաքին տեսքը և ձևը, ապա այդքան կարևոր չէ պարունակությունը:

«Հայի ոգին»

Թումանյանը գրում է, որ կան ժողովուրդներ, որոնք պատմության ընթացքում չնայած ծանր փորձությունների, կարողանում են պահպանել իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը և այդպիսի ժողովրդներից մեկն է հայ ժողովուրդը: Նա ասում է, որ ժողովրդի ինտելիգենցիան, այսինքն մտավորականները պետք է ուղղություն ցույց տան հասարակ մարդկանց:

Գրականություն Տնային աշխատանք 14.02.2022

  • Թումանյանական պոեզիայի արտասանությանն ենք պատրաստվում՝ սովորելով բերանացի ասել ու վերլուծել առնվազն երկու-երեք ստեղծագործություն:
  • Ընտրած ստեղծագործությունները ձայնագրում ենք, վերլուծում, տեղադրում բլոգում:

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Այս ստեղծագործության միջոցով Թումանյանը նկարագրում է բնությունը, դրա մեջ կատարվող երևույթները: Նա համեմատում է անտառը ծերունու հետ, առվակը՝ թոռնիկի: Ստեղծագործության մեջ բնությունն ունի բնավորություն, օրինակ՝ անտառը՝ իմաստուն է, իսկ առվակը՝ փոքր երեխայի նման ուրախ է և եռանդուն:

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն աստծո։

Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։

Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,

Ամեն մի տերև, ամեն շընչավոր…

Նկարագրում է ամառային երեկոյի գեղեցկությունը, որը նա կապում է Ասծո հետ:

Գրականություն Տնային աշխատանք 09.02.2022

Կարդա՛, վերլուծի’ր:

Հերման Հեսսե «Դժվար ճանապարհը»

Այս պատմվածքը շատ խորը իմաստներ ունի: Ես հույս ունեմ հասկացել եմ դրանցից մի քանիսը:

Առաջինը ուզում եմ խոսել առաջնորդի մասին: Ինձ թվում է նա մարմնավորված մոտիվացիան է: Քանի որ առաջնորդը անընդհատ նրան վեր էր տանում, հույս էր տալիս: Իսկ երբ գլխավոր հերոսը ուշադրությունը ծաղկի վրա դարձրեց, կորցնում էր միակ հույսը այդ ճանապարհում, որի պատճառով նա դեռ շարունակում էր սկսածը: Երևի դա նշանակում է, որ պետք է ճանապարհիցդ չշեղվել և միշտ գնալ ուղիղ: Նաև այդ ճանապարհի մասին, որը խորդուբորդ էր, գորշ և զզվելի: Գլխավոր հերոսը ուզում էր հետ գնալ դեպիներքև՝ լավ, անհոգ կյանքը, բայց մոտիվացիան՝ առաջնորդը նրան չթողեց: Հետո, ավելի վերև բարձրանալով նա տեսավ որ այդ գեղեցիկ դաշտերը դարձել էին դժգույն ու մելամաղձոտ, կեղծ ու աչք ծակող, ստվերները մրոտ, սև ու անհրապույր: Դա նշանակում է, որ ինչքան էլ մի բան լավ երևա, մեկ է ամեն ինչ իր մեջ վատ կողմեր ունի: Այդ երկար և տանջալից ճանապարհը ցույց տվեց, որ ոչ ամեն ուղին է հեշտ, բայց վերջում դու կհասնես քո ուզածին և պետք չէ հանձնվել:

Այնտեղ հաստատ շատ ավելի խոր իմաստներ կային, բայց ես այսքանն եմ հասկացել:

Գրականություն Տնային աշխատանք 07.02.2022

***

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

1904

Նա այս տողերը հավանաբար նվիրել է իր սիրած մարդուն և պատմում է իր զգացմունքների մասին, հարցնում է, կարո՞ղ է նա իր նման զգալ այդ սերը:

* * *

Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ…

Այս ստեղծագործությամբ Տերյանը պատմում է, որ տեսել է մի աղջկա և սիրահարվել, բայց կորցրել է նրան և չի կարող գտնել:

* * *

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր…
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ…

Այս ստեղծագործությունը հավանաբար իր անցած, կորցրած սիրո մասին է:

Ուսումնական ձմեռ | 09.01.2022

  • Ինչ եմ ընթերցել այս օրերին
    • Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
    • Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ, ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
    • Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
  • Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:

Արձակուրդի օրերին ես կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի “Շերլոք Հոլմսի արկածները” գրքից “Պուտավոր Ժապավենը” ստեղծագործությունը: Ընկերուհիս էր կարդում Շերլոք Հոլմսի մասին և ես հետաքրքրվեցի, նաև մայրիկս խորհուրդ տվեց, որ կարդամ հենց այս պատմվածքը:

Տպավորվել է այն, որ մահվան պատճառը օձն էր, ինչը հաստատ չէի սպասում:
Շերլոքը, ինչպես միշտ, շատ խելացի էր: Ուոթսոնը հավատարիմ ընկեր էր, որ գնացել էր իր ընկերոջ հետ շատ մեծ վտանգի, ինչը կարող էր չանել: Բժիշկը՝ պատմության գլխավոր պատճառը, իր ցեղակիցների նման շատ չար էր և ագահ: Նա ուզում էր սպանել իր խորթ դստրերին, որպեսզի տիրանար նրանց՝ ամուսնության համար պարգևվող փողին: Դուստրը համեստ էր և խորթ հոր մասին շատ բաներ կարող էր չպատմել, բայց նա պատրաստակամ էր:
Երբ օձը բժշկին սպանել էր և Շերլոքը մտել էր այդ սենյակ, նա ասաց. “Փոս փորողը ինքն է փոսը ընկնում”:

Հաշվետվություն Գրականություն 23.12.2021

Գրականության դասերը ինձ տվել են՝ լավ վերլուծելու ունակություն, գիրք կարդալու հետաքրքրություն, զարգացած բառապաշար: Մեր գրականության դասերին կարդացած ստեղծագործությունների հեղինակներից ինձ ամենաշատը դուր է գալիս Հրանտ Մաթևոսյանը: Ես սիրում եմ արկածային, դետեկտիվ, ֆանտաստիկա և այլ ժանրերը: Երեկվանից ես սկսել եմ կարդալ ռուսերեն գիրք, որի անունն է «Всё о Манюне»: Կարող է վերնագրից թվալ, որ դա շատ մանկական գիրք է, բայց այն շատ հետաքրքիր է: Շատ արկածային է և ձգում է կատարվող իրադարձությունների մեջ այնպես, որ ուզում ես անընդհատ կարդաս: Ընհանրապես, իմ կարդացած գրքերից ես ամենաշատը սիրում եմ «Աննա Ֆրանկի օրագիրը», «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Անունս Արամ է», «Առանց ընտանիքի», «Խորհրդավոր պարտեզը» և այլն:

Գրականության բաժին

Գրականություն Տնային աշխատանք 20.12.2021

Ավարտին ենք հասցնում նովելի ընթերցումը:

Ընտրում ենք վերլուծական թեմաներից մեկը և աշխատում:

Տերևաթափը Ջոնսիի ներաշխարհում

Ջոնսիի վերջին տերևն ու Պլացեբոյի էֆեկտը

Ուայլդի սոխակը և Օ. Հենրիի ծերուկ Բերմանը

Ծերուկ Բերմանի գլուխգործոցը և Ջոնսիի հիվանդությունը

այլ

Ջոնսիի վերջին տերևն ու Պլացեբոյի էֆեկտը

Ջոնսին ներշնչել էր իրեն, որ վերջին տերևի ընկնելուց նա մահանալու է և այդ լուրը լսելով, Բերմանը որոշեց նկարել տերև, որը և եղավ նրա գլուխգործոցը: Ջոնսին իսկապես հավատում էր այդ տերև գոյությանը: Այստեղ աշխատեց Պլացեբոյի էֆեկտը, որի ժամանակ Ջոնսին տեսնում էր տերևը, որը չէր ընկնում, և «հասկացավ», որ նա չպետք է մահանա, որովհետև Սյուին պետք է: