Հայկական դիցաբանությունը հին հայերի հեթանոսական կրոնն է, որը պահպանվել էր մինչև քրիստոնեությունը (301թ․):
ՈՒրարտական դիցարանը կազմված է եղել 70 աստվածներից՝ 35 իգական և 35 արական։ Դիցարանը գլխավորել են գերագույն աստվածները՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին:
Հետուրարտական շրջանում ձևավորվել է նոր պանթեոն, որը պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը․
- Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, բարություն և արիություն աստվածը
- Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին
- Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը
Գլխավոր աստվածություններից են նաև․
- Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, լույսի և ջրի դիցուհին:
- Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին:
- Միհրը՝ արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածն է:
- Տիրը՝ գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածն է։
- Վանատուրը՝ հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների պաշտպանը:
- Ադրաշխարհի աստվածը Սպանդարամետն է։
- Պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:

Հելլենական շրջանում հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական աստվածների հետ․
- Արամազդը՝ Զևսի
- Անահիտը՝ Արտեմիսի
- Միհրը՝ Հելիոսի
- Վահագնը՝ Հերակլեսի
- Տիրը՝ Ապոլլոնի
- Աստղիկը՝ Աֆրոդիտեի
- Նանեն՝ Աթենասի
Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված գրեթե բոլոր մշակութային նմուշները։
Հայկական դիցարանին վերաբերող հիմնական տեղեկությունները պահպանվել են Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացիի, Փավստոս Բուզանդի, Ստրաբոնի, Պլուտարքոսի և ուրիշ պատմիչների աշխատություններում: Այդ մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը:
