Արտաքին քաղաքականության կառավարումը

Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը
ա/
 Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 213-216

Առաջադրանք
Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն, որոնց մեջ նախ մտնում է բյուջետայինը: Այնտեղ նախատեսված են նաև արտաքին քաղաքականության համար հատկացվող գումարները: Այն վերահսկում է պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:

Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանը արտաքին քաղաքական հարցերի պատճառով: Այն կարող է արտաքին քաղաքական հիմնախնդիրները պարզաբանել և լուծել: Ազգային ժողովում գործում է արտաքին քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողով: Այն ստեղծվում է ոլորտի օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման, դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:

2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

Կառավարությունն օժտված է որոշակի իրավասությամբ արտաքին քաղաքականության ոլորտում: Քանի որ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է նախագահը, ապա կառավարությունն այն մշակում և իրականացնում է նախագահի հետ համատեղ: Ընդ որում՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել նաև նախագահը:

Արտաքին քաղաքականության անմիջական կառավարումն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ): ԱԳՆ — ն մշակում է արտաքին քաղաքականության ծրագրերը և դրանք ներկայացնում կառավարության քննարկմանը: ԱԳՆ — ն ամենօրյա կապի մեջ է երկրում դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ընդունում է պաշտոնական պատվիրակություններ և բանակցություններ վարում նրանց հետ: Նրա կարևորագույն խնդիրներից է միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի նախապատրաստումը և դրանք կառավարության քննարկմանը ներկայացնելը: ԱԳՆ — ն նաև արտասահմանում դիվանագիտական ներկայացուցիչների է ղեկավարում ու վերահսկում:

3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում:

Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է համարում միջազգային պայմանագրերը հանրապետության նախագահի առաջարկությամբ:

Արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է հանրապետության նախագահը: Նախագահը՝ որպես պետության գլուխ, ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրերը և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Նախագահը նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը: Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցը:

Դեկտեմբերի 10՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր

Մարդու իրավունքների օրը միջազգային հանրությունը նշում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին։ Այն նշում է այն օրը, երբ 1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ, ՀՈԴՎԱԾ 2`

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԳԼՈՒԽ II, ՀՈԴՎԱԾ 9` ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԳԼՈՒԽ II, ՀՈԴՎԱԾ 10` ԵՐԵԽԱՅԻ ՄՏՔԻ, ԽՂՃԻ և ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԳԼՈՒԽ II, ՀՈԴՎԱԾ 11` ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Աղբյուր՝ 1, 2, 3, 4

Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ

Ի՞նչ է կոռուպցիան

Կոռուպցիան իշխանության դիրքերում գտնվողների անազնիվ պահվածքն է: Նրանք, ովքեր չարաշահում են իրենց իշխանությունը, կարող են լինել անհատներ կամ պատկանել կազմակերպությունների, ինչպիսիք են բիզնեսները կամ կառավարությունները: Կոռուպցիան կարող է հանգեցնել տարբեր գործողությունների, այդ թվում՝ կաշառք տալը կամ ընդունելը կամ անպատշաճ նվերներ, կրկնակի գործարքներ կատարել և խաբել ներդրողներին:

Կոռուպցիայի կանխարգելում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, I-ԻՆ ԿԵՏ, 17 ԵՆԹԱԿԵՏ՝

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացում.

    2) կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը, նախականխումը, կանխումը, խափանումը և բացահայտումը.

    3) օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպումը և իրականացումը.

    4) առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանցումը, քննարկումը, նյութերի նախապատրաստումը.

    5) հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների պարզումը.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՑԱՆԿ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.
    Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
    Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում).
    Հոդված 200. Առևտրային կաշառքը.
    Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.
    Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը.
    Հոդված 311Կաշառք ստանալը.
    Հոդված 312. Կաշառք տալը.
    Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը.
    Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

    ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԳԼՈՒԽ 1, ՀՈԴՎԱԾ 10՝ ՀԱՇՎԵԿՇԻՌ և ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ, ԿԵՏ 1

    Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի ընկերություններն իրենց տարեկան հաշվեկշիռները հստակ կազմեն և ճշգրիտ ու հավաստի տվյալներ ներկայացնեն ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ:

      ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԳԼՈՒԽ 1, ՀՈԴՎԱԾ 4՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՏ 1

      Յուրաքանչյուր կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ վնասի փոխհատուցման նպատակով պետք է բավարարվեն ներքոհիշյալ պայմանները.

        I. պատասխանողը կատարել է կամ թույլատրել է կատարել կոռուպցիոն գործողություն կամ խելամիտ քայլեր չի ձեռնարկել կոռուպցիոն գործողությունը կան-խելու համար,
        II. հայցվորը վնաս է կրել, և
        III. արկա է պատճառահետևանքային կապ կոռուպցիոն գործողության և վնասի միջև:

        ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԳԼՈՒԽ 1, ՀՈԴՎԱԾ 4՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՏ 2

        Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ եթե նույն կոռուպցիոն գործունեության համար պատասխանատու են մի քանի պատասխանողներ, ապա նրանք պատասխանատվություն պետք է կրեն միասին և առանձին-առանձին:

        Աղբյուրներ՝ 1, 2, 3

        Միջազգային իրավունք

        Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
        Թեմա 11՝ Միջազգային իրավունք․

        ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
        բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
        էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 205-212

        Առաջադրանք

        1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։

        Ազգային իրավունքը կիրառվում է միայն պետության ներսում, օգտագործում է այդ երկրի սահմանադրությունը և օրենքը, իսկ միջազգային իրավունքը կիրառվում է տարբեր պետությունների միջև, օգտագործվում են միջազգային պայմանագրեր, նորմեր և ընդհանուր սկզբունքներ:

        2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։

        Միջազգային իրավական քաղաքական պատասխանատվությունը հարկադրական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ:

        Դրա տեսակներն են՝
        Ռետորսիա — մի պետության սահմանափակող բնույթի միջոցներն են՝ ուղղված այլ պետության դեմ, որը խախտել է առաջինի շահերը:
        Ռեպրեսիա — կիրառվում են ի պատասխան այլ պետության ոչ իրավաչափ գործողությունների, խախտված իրավունքները վերականգնելոը նպատակը:
        Սատիսֆակցիա — այն բավարարումը, որ տալիս է իրավախախտ պետությունը տուժած պետության պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար:
        Ռեստորացիա — իրավախախտ պետության կողմից ինչ-որ նյութական օբյեկտի նախկին վիճակի վերականգնում:

        Միջազգային իրավական նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ:

        Դրա տեսակներն են՝
        Ռեպարացիա — նյութական վնասի հատուցումն է դրամական ձևով, ապրանքներով և ծառայություններով:
        Ռեստիտուցիա — պատերազմող պետությունների կողմից հակառակորդ պետության տարածքից ապօրինի վերցված և արտահանված գույքը բնեղենով վերադարձնելը:
        Սուբստիտուցիա — իրենից ներկայացնում են անիրավաչափ ոչնչացված կամ վնասված գույքի, շինության, տրանսպորտային միջոցի, գեղարվեստական արժեքի և այլնի փոխարինումը:

        3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները:

        Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը:
        Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են՝ ինքնիշխան հավասարության սկզբունքը, պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, տարածային ամբողջության սկզբունքը, վեճերի խաղաղ լուծման սկզբունքը, միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը և այլն:

        Կրթական հաստատությունների ցանկապատում

        • Իրավական հիմք
        • Քաղաքաշինական նորմերի պահպանում
        • Հարցի հասարակական հնչեղություն (զրույց ընտանիքում, շրջապատում)

        ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 7-ՐԴ ԿԵՏ, 31-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝
        Բոլոր տեսակի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցապատման տարածքներում անհրաժեշտ է նախատեսել խաղային և տնտեսական գոտիներ` համապատասխան սահմանազատումով: Բնակելի համալիրներում կարճաժամկետ խնամքի խմբերում տարածքը կարող է փոխարինվել ցանկապատված բաց դարավանդով:

        ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 20-ՐԴ ԿԵՏ, 168-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝
        Չնախատեսված ներթափանցումից և շփումներից պաշտպանվելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքը պետք է ցանկապատված լինի` նախագծային լուծումներին համապատասխան:

        ՀՀՇՆ31-03.01-2014 «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ VI-ՐԴ ԿԵՏ, 41-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝ Հանրակրթական հաստատությունների տարածքները (հողամասերը) իրենց ողջ պարագծով պետք է ցանկապատված լինեն։ Ցանկապատի բարձրությունը ընդունել ոչ պակաս 1,5 մ։ Այն պետք է արգելի աշակերտների ազատ ելքը փողոցի բանուկ հատված։ 

        ՍՆ 441-72* — Ցուցումներ ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների հարթակների և տեղամասերի ցանկապատերի նախագծման 9-րդ և 10-րդ կետեր՝
        9. Միջնակարգ դպրոցներ և մասնագիտական դպրոցներ — Պողպատե ցանց (միկրոշրջաններում գտնվող տարածքների ցանկապատ) 1.2մ
        10. Մսուր-մանկապարտեզ — Պողպատե ցանց կամ երկաթբետոնե վանդակ 1.6մ

        Հարցի հասարակական հնչեղություն

        Ես մի քանի մարդու այս հարցը ուղղեցի և կեսից շատը կարծում են, որ ուսումնական հաստատությունները, հատկապես մանկապարտեզները և դպրոցները պետք է ցանկապատել՝ երեխաների անվտանգության համար:

        Աղբյուր՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=118295
        https://files.stroyinf.ru/Data2/1/4294854/4294854767.pdf
        https://www.arlis.am/documentview.aspx?docID=90000

        Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

        Թեմա 9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները․
        ա/ Պետության արտաքին քաղաքականությունը
        բ/ Արտաքին քաղաքականության սահմանադրական հիմունքները
        գ/ Պետության արտաքին գործառույթները
        էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 201-204
        Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

        Առաջադրանք
        1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

        Յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր արտաքին քաղաքականությունը: Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը: Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից:

        Պետության արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բազմաթիվ գործոնների հիման վրա, որոնց մեջ են մտնում երկրի սոցիալ-տնտեսական դրությունը, աշխարհագրական դիրքը, պատմական, ազգային-կրոնական առանձնահատկությունները, երկրի անկախության և անվտանգության ապահովման պահանջը և այլն:

        ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունը և փոխշահավետությունը: Հայաստանն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ պարտավորվում է ղեկավարվել միջազգային իրավունքի սկզբունքներով և անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերով ստանձնած իր պարտավորությունները:

        2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

        Արտաքին գործառույթները իրականացվում են արտաքին ոլորտում պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը: Դրանց նպատակն է այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը:

        3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները:

        Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարբեր երկրների հետ լավ հարաբերություններ պահելուն, օրինակ՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի և Հնդկաստանի։ Այս ամենը օգնում է անվտանգություն ու տնտեսական կապեր ապահովել։ Բայց Հայաստանի խնդիրները՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, դժվարացնում են առաջընթացը։ Դեռ պետք է զարգացնել դիվանագիտությունն ու ավելի անկախ լինել խոշոր երկրներից։

        Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

        Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները․
        ա/ Կուսակցությունները քաղաքական համակարգում
        բ/ Քաղաքական գիտակցությունը
        էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 185-192

        Առաջադրանք
        1.
         Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
        Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից մեկի ծրագիրը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

        Քաղաքական կուսակցությունն ընդհանուր նպատակներով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է: Կուսակցությունները, որոնք ես գիտեմ՝ Քաղաքացիական պայմանագիր, Բարգավաճ Հայաստան, Հայաստանի հանրապետական կուսակցություն:

        2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:

        Քաղաքական գիտակցությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդիկ հասկանում են քաղաքական համակարգերն ու դրանց աշխատանքը: Այն կարևոր է, որովհետև օգնում է քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և քաղաքական որոշումների կայացմանը, ինչը նպաստում է քաղաքական համակարգի կայունությանը և բարելավմանը։

        3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը:

        Ինձ թվում է իմ քաղաքական գիտակցությունը ցածր է, քանի որ ես երբեք առանձնապես չեմ հետաքրքրվել քաղաքագիտությամբ, թեև գիտեմ, որ դա շատ կարևոր է: Ինչ թվում է պետք է մի օր սկսել ավելի խորը ուսումնասիրել քաղաքագիտությունը և բավական գիտելիք հավաքելով միայն այդ ժամանակ ես ինձ կհամարեմ բարձր քաղաքական գիտակցություն ունեցող:

        Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

        Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը․
        ա/ Իշխանությունների բաժանման գաղափարը
        բ/ Իշխանությունների բաժանման հնարավոր իրական մոդելները
        Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 177-180

        Առաջադրանք
        1․
         Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

        Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը: Դրանց կենսագործման համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ պահանջները.

        1. Պետական իշխանությունն անհրաժեշտ է բաժանել երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր, դատական: Բաժանումը բացառում է իշխանության կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում:
        2. Պետական իշխանության երեք թևերը ներկայացնեղ մարմինները պետք է լինեն միմյանց հարաբերականորեն անկախ և ինքնուրույն: Ճյուղերից յուրաքանչյուրն ունի Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները, որոնք իրականցնում է ինքնուրույն:
        3. Բացի բաժանումից, անհրաժեշտ է ապահովել իշխանության երեք ճյուղերի հավասարակշռությունը, այսպես կոչված՝ <<հակակշիռների և զսպիչների>> համակարգերի միջոցով, որպեսզի պետական նշված մարմիններից յուրաքանչյուրն ունենա հսկելու և միմյանց վրա ազդելու լիազորություններ, նաև համագործակցելու միմյանց հետ պետական կարևոր հարցերը վճռելիս:
        4. Իշխանությունների բաժանման համակարգում յուրահատուկ դեր է խաղում նախագահը, քանի որ, չնայած երեք իշխանությունների հետ առնչվելուն, նա դուրս է դրանցից և գործում է անկախ: Նա ապահովում է մյուսների բնականոն գործունեությունը:

        2․ Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, իշխանության ո՞ր ճյուղն ունի ավելի բարձր կառավարում այսօր:

        Հայաստանն ունի խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ հիմնական դեր ունեն խորհրդարանն ու կառավարությունը։ Թեև օրենսդիր և գործադիր ճյուղերը համարվում են հավասարակշռված, գործադիր իշխանությունն այսօր ավելի մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա։

        Պետության կառուցակարգը և Պետաքաղաքական վարչաձևը

        Պատրաստվե՛ք դաս-քննարկման
        Թեմա 6՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը․
        ա/
         Պետության կառուցակարգը
        բ/ Պետաքաղաքական վարչաձևը
        Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 165-172․

        Առաջադրանք
        1․
         Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

        Պետության կառուցակարգը պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները:
        Պետության կառուցակարգը կազմավորվում և գործում է որոշակի սկզբունքների հիման վրա: Դրանք ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները:
        Այդ սկզբունքներն են՝ մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, հրապարակայնություն և թափանցիկությունը, իշխանությունների բաժանումը, արհեստավարժությունը և օրինականությունը:

        2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

        Պետության կառուցակարգի գլխավոր բաղադրատարրը պետական մարմինն է: Այն մասնակցում է պետության գործառույթների իրականացմանը և դրա համար օժտված է իշխանական լիազորություններով:

        Պետական մարմինները բազմազան են: Ըստ իրենց կողմից իրականացվող խնդիրների պետական մարմինները կարելի է բաժանել երեք խմբի՝ օրենսդիր, գործադիր, իրավապահպան (դատական): Պետական մարմինները համակարգում նաև յուրահատուկ դեր է խաղում նախագահը, քանի որ դուրս է բոլոր երեք տեսակի մարմինների շրջանակից և գործում է անկախ:

        3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը:

        Պետաքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է: Պետական իշխանության իրականացման եղանակները և միջոցները կարող են լինել բազմազան և անհրաժեշտ է ունենալ ընդհանուր չափորոշիչներ, որոնք կօգնեն հասկանալ, թե որ տեսակին է այն պատկանում:

        Օրինակ՝ քաղաքացիների նկատմամբ իրավական կարգավորումն իր բնույթով կարող է լինել երկու տեսակի՝ թույլատվական-խթանող և արգելող-սահմանափակող: Եթե պետության մեջ իրավական կարգավորումն իր բնույթով ավելի շատ թույլտվական-խթանող է, ուրեմն պետական իշխանությունն ունի ժողովրդավարական բնույթ, և, ընդհակառակը, եթե իրավական կարգավորման եղանակը գերազանցապես արգելող-սահմանափակող է, ապա պետական իշխանությունը և նրա վարչաձևը հակաճողովրդական են:

        Պետության դերը հասարակության մեջ

        Պատրաստվե՛ք դաս-քննարկման
        Թեմա 5՝
         Պետության դերը հասարակության մեջ․
        ա/ Պետության հասարակական առաքելությունը
        բ/ «Պետության գործառույթներ» հասկացությունը և տեսակները
        գ/ Պետության ներքին գործառույթները
        Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 161-164․

        Առաջադրանք
        1․
         Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակական առաքելության վրա։

        Պետության առաքելությունը այն հասարակական խնդիրներն են, որոնց կատարման համար առաջացել է և գոյություն ունի պետությունը: Պետության սոցիալական առաքելությունը, արժեքը նրանում է, որ այն կարգավորում է հասարակությունը, որոշում է նրա զարգացման նպատակները և կազմակերպում է դրանց իրականացումը:

        Մարդու իրավունքների գերակայությունը պարտադրում է պետությանը պաշտպանել քաղաքացիների ազատությունները, ինչը նպաստում է սոցիալական արդարությանը և հասարակության կայունությանը:

        2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները:

        Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները նպատակամղված են երկրի ներքին խնդիրների լուծմանը: Դրանք լինում են վեց տեսակի՝

        1. Տնտեսական գործառույթը ներառում է տնտեսական քաղաքականության մշակումը, տնտեսական աճի խթանումը և սոցիալական արդարության ապահովումը։
        2. Ֆինանսական վերահսկողության և հարկման գործառույթը ներառում է պետության ֆինանսների վերահսկումը և հարկերի հավաքումը:
        3. Սոցիալական գործառույթը ներառում է պետության սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում քաղաքականություն մշակելը։
        4. Կրթամշակույթի գործառույթը ներառում է կրթության և մշակույթի տարածումը, զարգացման խթանումը և հասարակության սոցիալական և մշակութային արժեքների պահպանումը:
        5. Իրավական գործառույթը ներառում է օրենքների կատարումը, իրավական համակարգի զարգացումը և արդարադատության ապահովումը։
        6. Բնապահպանական գործառույթը ներառում է բնական ռեսուրսների պահպանումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և կայուն զարգացման խթանումը: