Օսմանյան կայսրությունը Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Այն կազմավորվել է XV–XVI դարերում՝ Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և այլ երկրամասերում: Փլուզվել է 1918 թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո:
Օսմանյան պետությունը ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում: Նրա առաջնորդին հաջորդած որդին՝ Օսման բեյը, 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից: Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը, բնակիչները՝ թուրք-օսմաններ: Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը, գրավել է Բուրսան և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք, Իզմիթ քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է Անկարա քաղաքը:
Օրհանին հաջորդել է Մուրադ I-ը, ապա՝ Բայազետ I-ը: Նրանց իշխանությունը տարածվել է ողջ Փոքր Ասիայում:
XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ-ին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան տիտղոսը: 1393 թ-ին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը: 1389 թ-ին Մուրադ I-ը մեծ զորաբանակով ներխուժել է Սերբիա: Կոսովոյի ճակատամարտում սերբ զինվոր Միլոշ Օբիլիչը հասել է սուլթանի վրանին և սպանել նրան: Օսմանյան զորքերում խառնաշփոթ է սկսվել: Սակայն սուլթանի որդին համալրված զորքերի օգնությամբ ջախջախել է հակառակորդին: Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին:
Թուրք-օսմանյան վտանգը կանխելու նպատակով Հունգարիայի թագավոր Սիգիզմունդը կազմակերպել է արշավանք: Սակայն 1396 թ-ին Բուլղարիայի Նիկոպոլիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակիցները դաժան պարտություն են կրել թվով 2 անգամ ավելի օսմանյան բանակից: Իր մեծ հաջողությունների համար Բայազետ I սուլթանն ստացել է «Կայծակնային» մականունը: Նա ներխուժել է Հունաստան և Կոստանդնուպոլիսը գրավելու անհաջող փորձեր արել:
Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան: Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է Բայազետ: Փոքր Հայքում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, 1395–96 թթ-ին՝ Մալաթիան, թափանցել են Մեծ Հայքի սահմանները, 1397–98 թթ-ին մտել Կամախ, Երզնկա: 1402 թ-ի հուլիսին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել Լենկթեմուրից (, գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել: Մուրադ II-ը ամրապնդել է դեռևս 1361 թ-ին ստեղծված նոր հետևակը, որը կոչվել է ենիչերի (հայերեն՝ նոր զորք):
Մեհմեդ II-ը, որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, 1453 թ-ի մայիսի 29-ին գրավել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այն դարձրել է տերության մայրաքաղաքը և վերանվանել Ստամբուլ, իսկ Սբ Սոֆիայի տաճարը վերափոխել է մզկիթի՝ Այա Սոֆիա անվանումով: 1459 թ-ին վերջնականապես հպատակվել է Սերբիան. 200 հզ. սերբերի տարել են ստրկության, իսկ նրանց տեղը բնակեցրել մահմեդականներով: 1460 թ-ին հպատակվել է Մորեան, 3 տարի անց՝ Բոսնիան: 1476 թ-ին Վալախիան դարձել է կախյալ իշխանություն:
Օսմանյան կայսրությանը պատերազմում էր Վենետիկի հանրապետության հետ. պատերազմն ընդհատումներով շարունակվել է 16 տարի: Պարտված Վենետիկը թշնամուն է զիջել Էգեյան ծովի կղզիները՝ բացի Կրետեից և Կորֆուից, Բալկանյան որոշ տիրույթներ: