Ոճաբանություն, լեզվաբանական գիտակարգ, որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։
Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։
Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Նաև սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։
Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝
- անհատական
- իրադրական
- գործառական
Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։
Գործառական ոճ
Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներն են՝
- իմաստաբանական
- բառապաշարային
- քերականական
- հուզաարտահայտչական
Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝
- գիտական
- պաշտոնական
- հրապարակախոսական
- առօրյա-խոսակցական
- գեղարվեստական
Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի և տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը։
Հանդիսավոր ոճը իրադրվում է պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում և փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Բառերն ընտրվում են գրական լեզվից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։
Մտերմիկ-փաղաքշական ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է սեր, համակրանք, մտերմիկ վերաբերմունք խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից նաև օգտագործվում է նամակագրության մեջ և գեղարվեստական ոճում։
Պաշտոնական ոճն ունի և՛ իրադրական, և՛ գործառական դրսևորում ու օգտագործվում է աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից շատ կապ ունի, թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել ևս ակնհայտ է հրամաններում։
Երգիծական կամ ծաղրական ոճն արտահայտում է քննադատական վերաբերմունք անձի, հասարակական կյանքի, մարդկային հարաբերությունների նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում։