Մուշեղ Գալշոյան
ՁԱՅՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ․․․
Ղալաթիան Պոլսո հայաշատ թաղամասն էր, թաղի շենք ու շինությունները ստվեր ձգողը՝
սուրբ Լուսավորիչը։ Կանաչ չէր բուսնում Լուսավորչի բակում․ վանքը զանգ զարկող ու խունկ ծխող
ուներ, մոմ ու մատաղ խոստացող աղոթավորներ, ու բակում հայոց ազգային Կենտրոնական
վարժարանն էր՝ ելումուտ անող ոտք ու մտոք անհանգիստ պատանիք։
Էլի աշուն էր․ վարժարանի սաները վերադարձել էին ամառային արձակուրդից, Հայաստան
աշխարհի բոլոր կողմերից եկել՝ վանքի բակը օծել հայոց ճամփաների փոշով, Ղալաթիայի փողոցները
լցրել ձայն ու ոտնաձայներով՝ իրենց սար ու ձորերի։ Սեպտեմբերն էր՝ նոր էին եկել, դեմքներին առած
իրենց շեներից գույներ, աչք ու ականջներում՝ շշուկներ։
Եվ հիմա, 1912 թվականի աշնան այդ առավոտ, վարժարանի բակում ծաղկում էր նորեկ մի
ուրախություն․
-Կոմիտաս վարդապետը մեզի երգեցողության դասեր պիտի տա։
-Հայր Կոմիտասը այսօր քաղցր ձայն ունեցողները պետք է ջոկե երգչախմբին համար։
Կոմիտաս վարդապետը երաժշտանոց հիմնելու միտք ունի և այսօրվան ընտրած ձայնեղները
երաժշտանոցին ուսանողներ ալ պետք ըլլան։
-Հայր Կոմիտասը․․․
Եվ աղոթքի պես շուրթից շուրթ անցնող անունն էր սուրբ, և վարժարանի սաներից շատերը նրան չէին
տեսել, ու մեծ էր անհամբերությունը։ Բայց դեռ մի դաս էլ պետք է առնեին, հետո նոր հավաքվեին
վարժարանի դահլիճում՝ հայր սուրբին ի տես։
․․․ Եվ եկավ հայր սուրբը։ Վարժարանի տնօրեն Նալբանդյանի ուղեկցությամբ ներս մտավ և դահլիճն
ու ողջ ուսանողները մեկեն առավ աչքերի մեջ։ Ամեն մեկին թվաց, թե հայր սուրբը իրեն տեսավ, հենց
իրեն նայեց ու տեսավ։ Իրանը կիպ-կալող ու երկարափեշ սքեմը գոց շուրթերի պես անժպիդ ու լուռ
էր, իսկ սքեմը օձիքի ճերմակ երիզը հայացքի պես լուսանշույլ՝ սևը հերքող։
-Ահա ազգային Կենտրոնական վարժարանի ուսանողությունը,- մատնացույց արավ պարոն
Նալբանդյանը, մի պահ լռեց և ուսանողներին նայելով ավելացրեց,- ահա մեր Կոմիտասը, մեր ազգին
փառքը։
Կոմիտասը կողքանց ժպտաց նրան և թեքվեց, շշնջաց․
-Պարոն Նալբանդյան, ձեր ներկայությունը գուցե կաշկանդի ուսանողներուն։ Կուզեմ մենակ
մնալ նրանց հետ։ — Եվ վարժարանի տնօրենը դուրս եկավ։
Կոմիտասը շեն նայեց ուսանողներին, երկար նայեց և ամենքը խնդակից դարձան նրան ու ամեն մեկը
հայր սուրբին մոտենալու՝ աջը համբուրելու ցանկություն ունեցավ։ Բայց միայն ուրախ
խլրտում, խայտում էին։
«Հայոց աշխարհի չորեք կողմերից մարդ կա հոս»,- ուրախ մտածեց Կոմիտասը։ Կար, և ամեն մեկը իր
աշխարհի հորիզոնն ուներ կոպերի տակ և ամեն մեկի ձայնի մեջ՝ իր աշխարհի շշուկները կային։
«Եվ թող կամենա աստված, որ ամեն գավառից մեկը, գոնե մեկը ձայնեղ լինի, ու ես երգչախմբումս
հայոց աշխարհի բոլոր կողմերից ձայն ունենամ»,- ցանկացավ Կոմիտասը։
Նա հայոց աշխարհի դերվիշն էր․ թափառել էր կածան ու ճամփեքով՝ անցել գավառից գավառ, շենից
շեն․ ժողվել երգեր, «Ապրեմ-չապրեմի» պես պահել ափի մեջ և գուշակել նրանց՝ երգերի բախտը։ Ու
ամեն երգի «ապրուկն» էր գուշակել, և դա երգատեր սար ու ձորերի, երգատեր շեն ու շինականների
շունչն էր եղել, ամեն երգի «չապրուկն» էր զատել, և դա երգատեր սար ու ձորերի, երգատեր շեն ու
շինականների դարավոր անտիրության լալինքն էր եղել ու օտարատիրոջ դրոշմը։ Նա հայոց
աշխարհի ձայնահավաք դերվիշն էր․ հայ շեն ու գավառներից ժողվել էր ձայներ ու գուշակել, «Հայոց
աշխարհի բոլոր հնչյուններն ու երանգները պարունակող ձայն քչերը ունեին, շատ քչերը․․․ Ձայն
ամենայն ազգի պիտի հնչեցնել խմբովի․․․»։ — Եվ հիմա հասել էր Պոլիս, մտել ազգային
Կենտրոնական վարժարան՝ խմբելու ձայն ամենայն հայոց։
․․․ Կոմիտասը շեն նայում էր ուսանողներին, զրուցում անբառ և խոսքը գլխելու հանգով ասաց․
-Հարկավ, երգչախումբ կազմելուն դեմ չեք։ Եվ ձեզ շատ չեմ նեղացնի, ամեն մեկդ մեկ անգամ
«ֆա՜» պետք է ասեք։ Ա՛յ, էսպես․․․
Նա թեթև մատնահարեց ձեռքն առած կամերտոնը ու ականջի մոտ պահելով ձայնեց «ֆա՜․․․»։ Հետո
մոտեցավ՝ լսեց առաջին ուսանողին։
-Հապա՝ նորեն,- առաջարկեց։
-Ֆա՜․․․- կրկնեց տղան, և Կոմիտասը գլուխշարժումով հաստատեց մտքինը։
Տրապիզոնցու լաճ ես,- ասաց։
Պատանին տրապիզոնցի էր, և ուսանողները խանդոտ մտածեցին, թե հայր սուրբն ու տրապիզոնցի
իրենց ընկերոջ հայրը ծանոթներ են։
Կոմիտասը անցավ մյուսին․
-Հապա, մանչս։
-Ֆա՜․․․
Եվ տղայի պռատ այդ շնչից նրա ականջների մոտ, ուրտից ուր, զրնգաց մի հորիզոն, գետնից երկինք
ու ծովեն երկինք թավալվող իր մշուշով։ Եվ մշուշը մշուշ չէր, այլ՝ շշուկների հալոցք, և Կոմիտասը
գուշակեց շիկացած այդ շշուկների երկիրն ու ժպտաց։ Իսկ պատանին անլուր էր, որ բերան բացելու
հետ վարժարանի դահլիճն ու հայր սուրբի լսելիքը լցրել է իր աշխարհի հնչյուններով, նրա համար
ձայնը իր ձայնն էր, միայն՝ իր, հատկապես՝ իր․․․ Եվ ձայնում եղած-չեղածին նա այնքան էր անլուր ու
միամիտ, որքան է՜ն լուսնկա գիշերին, երբ ծնողները երկնել են իրեն, որքան է՜ն առավոտին, երբ աչք է
բացել և շուրթերի վրա մեկ էլ․․․ ծլել է «Մարեն», մկրտված՝ Վան աշխարհից իր ապուպապերի
ժողված շնչով ու գույներով․․․Եվ նա ձայնեց իր «ֆան» և՛ ահով, և հույսով Կոմիտասին նայեց․հայր
սուրբը հավանե՞ց իր ձայնը։
Կոմիտասը շոյեց նրա մազերը։
-Տղա, վանեցի՞ ես,- ուրախ ասաց։
Ուսանողները զարմացած իրար նայեցին․ ուրեմն հայր սուրբը տրապիզոնցի իրենց ընկերոջը չէ՞ր
ճանաչում, նրա նոր ծանոթը չէ՞ր․․․ ձայնի՞ց որոշեց։ Եվ սրան՝ վանեցի Արմենակին, իմացավ ձայնի՞ց
․․․
-Դո՞ւ, մանչս,- Կոմիտասը ձեռքը դրեց հաջորդի ուսին։ Տղան շփոթված էր և կանգնելու փոխարեն
կուչ եկավ։ Կոմիտասը ծիծաղեց և հիշեց վիպերգը՝
Իր ձեռ տվեց վեր Սպիտակ ձիու մեջքին․-
Սպիտակ ձին փոր էտու գետին։
Օհան ասաց․- Սպիտակ ձի,
Ե՞րբ տի տանես ինձ, հասցնես Դավթի կռվին։
Եվ վիպերգի տողով կատակեց տղայի հետ։
Տի տանե՞ս ինձ հասցնես Դավթի կռվին․․․ Դե քեզ տեսնիմ։
Տղան շիկնած ոտքի ելավ .
-Ֆա՜․․․
Կոմիտասը, հայացքը թեք՝ առաստաղին, ականջ պահեց ու լսելոք տեսավ էլի մի աշխարհ․․․ Տարոն
աշխարհն էր։
-Արմենակ Շահմուրադյանի մասին լսե՞լ ես,- հացրեց,- քո հայրենակիցն է․․․ ճոխ երգիչ է,-
ավելացրեց գուրգուրանքով։
Ուսանողները շփոթվել էին, մի տեսակ վախվորած ու կտրակցոն էին նայում իրար, տագնապ ու
անհամբերություն կար նրանց խլրտոցի մեջ։ Մտքերում ասում-կրկնում էին իրենց «ֆան», ավելի
համարձակները գողտուկ բերան էին բացում՝ շշնջում ֆա՜ ու ամեն մեկին թվում էր, թե առաջին
անգամ է ականջն ընկնում իր ձայնը, առաջին անգամ է լսում, ու զարմանում էին իրենցից անջատվող
անծանոթ ձայնի վրա։
Իսկ Կոմիտասը չէր նկատում ուսանողների շփոթմունքը, հաջորդակի «ֆաերի» հետ նրա
կոպերի տակ ծավալվում ու ծալվում էին հայոց աշխարհնի գավառ-հորիզոնները, պռնկեպռունկ՝
շշուկների ալիքավոր մշուշով, և ականջներում խոխոջում ու մարում էին հորիզոնների հանգվույն
շշուկները։
-Կրկնի՛ր, տղա,- նա լայն ժպտաց․ պատանու կոշտ ու փլոշտ ձայնի հետ հիշել էր սասունցի
իր ծանոթ Պետոյին, տարիներ անց վարժարանի դահլիճում՝ պատանու ձայնի մեջ նորեն հանդիպել
էր նրան, սասունցի Պետոյին, և շուտ բաժանվել չէր ուզում։
«Պետոյի ձայնի մեջ սարերից փրթած քարի արձագանք կար»,- Կոմիտասը ժպտաց իր
Պետոյին, և տղան ժպիտից սիրտ առած կրկին աղմկեց․
-Ֆա՜․․․
-Դու ծռերի՞ց ես,- պատանու թիկունքին թփթփացրեց Կոմիտասը,-ծուռ սասունցի ես։
Եվ մտքում ցավեց․ «Ձայն չունի։ Ափսոս․․․ երգչախմբիս մեջ էս ծռերից մեկն ունենալն օգուտ
է, պետք է․Սասունի երանգները ամենալավը սասունցու շնչով կղողանջե»։
-Հապա, մանչս,- Կոմիտասը ձեռքը դրեց հաջորդ ուսին։
․․․
-Ա՜, դու Շիրակ աշխարհից ես։
․․․Եվ մեկիկ-մեկիկ ձայնել տվավ ամենքին, ամեն մեկի շնչից գուշակեց նրա աշխարհն ու լսեց
այդ աշխարհի շշուկները։ Նա հայոց աշխարհի բոլոր կողմերից երգչախմբի համար ձայներ ժողովեց՝
և՛ Տարոն աշխարհից, և՛ Վանից, և՛ Շիրակ ու Գողթան աշխարհներից, և․․․ նորեն ցավեց Սասունից
բացակա ձայնի համար ու մտքում որոշեց․
«Ձայնեղ մի ծուռ կճարեմ»։
Հետո դադրած կանգնեց, հայացքով լուռ ու երկար համբուրեց դահլիճում ծվարած «Հայոց
աշխարհը», մտքում գուրհուրեց․ «Աշխարհիս չորեք կողմերեն երգչախուբս ձայն ունիմ․ հայ ձայն
հնչեցնել կարելի է ու․․․ երաժշտանոց հիմնել»,- և դարձավ ուսանողներին մեկնեց իր օրհնանքուրախությունը․
-Ապրեք, որդիք, դուք ամենքիդ ձեզ նման եք․․․ ձեր հող ու ջրի, ձեր ցեղի հիշատակներն
ունիք, ձեր աշխարհների երկինքն ու շունչը։
Եվ սքեմի օձիքը բոլորող ճերմակը ցոլացնելով ելավ դուրս։
Լրացուցիչ կրթություն
Կոմիտասը Գալշոյանի աչքերով․ “Ձայն ամենայն հայոց”
Այս ստեղծագործությունը խոսում է Կոմիտասի հայրենասիրության մասին։
Նորությունը այն էր, որ նա որոշեց ազգային երաժշտությունը պահպանելու համար ստեղծել երգչախումբ փոքր երեխաներից և փոխանցել սերնդե սերունդ ազգային երաժշտությունը։ Կերպարներն են Կոմիտասը, ուսանողները, Պարոն Նալբանդյան։ Կոմիտասը երկարափեշ սքեմ էր հագել։


