Հովհաննես Շիրազ
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Մակդիրներ-սուրբ հայրենիք, դրոշիդ բոցը
Ճեղքել-պատռել, պատռելով անցնել մի բանի միջով
Հուրհրալ-թեժանալ, բորբոքվել, բոցավառվել (կրակի մասին)
Մոխրաբիծ-մոխրի բիծ՝ հետք
Այս ստեղծագործությունը հայրենիքի սիրո մասին է, թե ինչպես թշնամուց խոցվելուց հետո իր սիրտը հուրհրում էր, թե ինչպես է կապված հայրենիքի հետ։
Գևորգ Էմին
«Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը»
Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի, ինչքան շատ ապրել է,տևել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի, ինչքան շատ զոհեր է տվել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի, ինչքան հայ դեռ պիտի ծնվի,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,-
Հազար տարիներ ու հազար դարեր…
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:
Տենչ-որևէ բանի բուռն ձգտում
Մակդիրներ-տենչի թևեր
Գևորգ Էմինը ուզում է, որ մեր ժողովուրդը միշտ լինի, լավ ապրի, նույնիսկ եթե դարերի ընթացքում այդքան շատ զոհեր է տվել։