Անասնաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 40 %-ը ստացվում է անասնաբուծությունից:
Հայաստանում ստեղծվել են որոշ տեսակներ, որոնք հարմարված են մեր երկրի կլիմային, ռելիեֆին և այլ առանձնահատկություններին: Անասնապահության նախադրյալը գյուղատնտեսության զարգացումն է, քանի որ անասնապահությունը առաջ է գնում գյուղատնտեսական լավ պայմաններում: Դրա ճյուղերից ամենակարևորը բուսաբուծությունն է:

Անասնապահության ծագումը Հայաստանում թվագրվում է դեռևս պալեոլիթյան դարաշրջանից, երբ գյուղատնտեսական գործունեության պարզունակ (նախնադարյան) ձևերն առաջին անգամ ի հայտ եկան Հայկական Բարձրավանդակի վիթխարի տարածքում` Փոքր Ասիայի և Իրանական սարահարթի միջև: Անասնապահությունը սկսել է զարգանալ Նեոլիթի և Վաղ Բրոնզե դարի ժամանակաշրջանում: Այդ ժամանակներից ի վեր անասնապահությունը երկրի համար ձեռք է բերել կենսական կարևորություն, իսկ Ք.ա. 3-րդ և 2-րդ հազարամյակներից արդեն անասնաբուծությունը դարձել է ազգաբնակչության հիմնական զբաղմունքը:
Ներկայումս Հայաստանի անասնաբուծությունը իրենից ներկայացնում է զարգացած ենթաճյուղեր ունեցող մի ոլորտ, որտեղ անասնաբուծության վարման ավանդական տեխնոլոգիաներին զուգահեռ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է ընձեռում տեղի բնակլիմայական պայմաններին առավելագույնս համապատասխանեցնել գյուղատնտեսական կենդանիների այս կամ այն տեսակի բազմացումը և մթերատվության ստացումը:
Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:
Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:

Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3—ը:
Տավարաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղը: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 %-ը և մսի գրեթե 58 %-ը ստացվում է տավարաբուծությունից: Տավարի ամենաստվար գլխաքանակը կենտրոնացված է Գեղարքունիքի և Շիրակի, ապա` Արագածոտնի, Սյունիքի և Լոռու մարզերում:

Ոչխարաբուծությունը զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:
Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից է: Ոչխարների ամենաստվար գլխաքանակը բուծվում էին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ապա` Արագածոտնի և Շիրակի մարզերում:

Խոզաբուծությունը հանդիսանում է հանրապետության անասնաբուծության ոլորտի կարևոր ճյուղերից մեկը: Խոզաբուծությունը առավել զարգացած է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ էլ կենտրոնացած է խոզերի ամենաշատ գլխաքանակը: Հանրապետության հյուսիսային հատվածում` Տավուշի և Լոռու մարզերում, կիրառվում է խոզերի լեռնանտառային պահվածքը:

Թռչնաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առավել մեքենայացված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ճյուղն է: Հանրապետությունում ներկայումս գործում են մեկ տասնյակից ավել միջին և խոշոր թռչնաբուծարաններ, որոնք զբաղվում են թռչնամսի և ձվի արտադրությամբ:
Ներկայումս հանրապետության տավարաբուծության ոլորտում նկատվում են ինտենսիվացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միտումներ: