Կետադրում ենք համր տեքստը:
Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ Սասունը՝ այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր, խորունկ խավարչտին լեռնագագաթները՝ ապառաժներ՝ լերկ, ժանտատեսիլ: Տաք կիրճերում, լեռնային կարկաչուն վտակների՝ զմրուխտ կանաչով ծածկված ափերին գալարվում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր բրոնզագույն ժայռերի վրա: Աճում էր վայրի հոնը, երբեմն թուզը՝ քաղցր, մեղրածոր: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն: Աշնանը՝ բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը: Երբեմն ընկույզի մեծությամբ կարկուտն է ջարդել այդ տքնաջան մարդու՝ արևից և խորշակից խանձված դեմքը, և ցուրտը սառեցրել է նրա՝ հողից կոշտացած ձեռքերը: Թվում էր՝ մինչև մահ կապրի այդ քարերի վրա, և երբեք չէր ենթադրում, ինչ է սպասվում իրեն: Բայց տակնուվրա անելով մարդկանց միօրինակ առօրյան, պայթեց պատերազմը՝ ահազարհուր ու տևական, և հրացաններ որոտացին՝ վառոդի մահաբերշաունչը տարածելով լեռաշխարհի՝ սարսափից, ցավից ու քաղցից կծկված գյուղերում: Սկսվեց արտագաղթը և մարդիկ՝ մահվան ահը աչքերում, տեղահան եղան՝ բռնելով օտար աշխարհների ճանապարհները: Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն՝ ինչպես բունը կորցրած թռչուն, անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ, և՝ ահը աչքերի մեջ, մի պարզկա օր, միջօրեին հասավ ինչ-որ հարթավայր՝ գաղջ օդով, պղտոր, դեղին գետերով, որոնց մեջ չէին երևում այն ականակիտ առվակները, որ թավալգլոր իջնում էին հայրենի լեռների սառույցով պատված գագաթներից: Լաց եղավ կինը, լաց եղավ և Հազրոն, ու սիրտը թեթևացավ: Ապա՝ սրբելով արցունքը, ուսն առավ աղջկան և քայլեցին առաջ` դեպի անհայտ հեռուները: