Նախագիծը նախատեսված է սովորել, կատարել բլոգային գրառումներ Կիլիկյան Հայաստանի վերաբերյալ։ Բլոգային գրառումները, բանավոր պատասխանների համար օգտվել ներքոնշյալ հղումներից։ Աշխատանքների կատարման համար հատկացվում է մեկ ամիս։
Կիլիկիայի հայկական պետություն․ հայկական հանրագիտարան Հայաստան
Կիլիկյան Հայստան․ տեսանյութ
Կիլիկիայի հայկական պետություն
Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիայի և Լեռնային Կիլիկիայի: X դարում Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան էր քչացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին, նրանց բյուզանդական զորքերից ապահով պահելու նպատակով, տարբեր տեղեր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ, որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:
Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում
Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն է (1080–95 թթ.): Նրա անունով է կոչվել իշխանապետությունը՝ Ռուբինյանների: Բագրատունի վերջին թագավոր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով շատ բերդերին՝ նա 1080թ-ին հաղթահարեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց շատ գավառներ, քաղաքներ ու բերդեր:
Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.) Կոստանդին Ա-ի որդին էր: Նա շարունակեց հոր գործը՝ պետության սահմաններն ընդարձակելը: Պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի մեծ մասը: 1107 թ-ին Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի վանքերը: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:
Լևոն Ա-ն (1129–37 թթ.) Թորոս Ա-ի եղբայրն էր: Նրան հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց շատ գավառներ և քաղաքներ: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան շրջանները: